Սերժ Սարգսյանին կոալիցիա պետք չէ
”Խաղի կանոնները, որից դժգոհում են, շատ ավելի վաղ են հաստատված եղել և այդ խաղի կանոններով ավելի քան վեց տարի, եթե չասեմ մի փոքր էլ ավելի, Հայաստանում կոալիցիա կազմելու առումով որևէ խաղի կանոն չի փոխվել: Միշտ կոալիցիայի դոմինանտ քաղաքական ուժը թելադրել է` ինչ ուզել է, նշանակել ու մերժել է ում ու ինչ ուզել է, և կոալիցիայի կրտսեր գործընկերները երբեք շատ մեծ ազատություն չեն ունեցել, հետևաբար այս կտրվածքով իհարկե, ինձ այդքան էլ չեն համոզում ՕԵԿ-ի հիմնավորոմները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` խոսելով ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու հիմնավորումներից մեկի մասին, թե արդյունավետ չէր կոալիցիան:
Ինչ վերաբերում է հաջորդ հիմնավորմանը վարչապետի պաշտոնի հետ կապված, թե ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը անգամ չի քննարկվել, ապա Սաֆարյանը նկատեց. ”Իհարկե, բարձրաձայնվել է, որ իրենք վարչապետի պաշտոնում կցանկանային տեսնել Արթուր Բաղդասարյաին, բայց չեմ կարծում, որ ”Օրինաց երկիրն” այնքան միամիտ էր ու երազկոտ, որ կարծում էր, որ 5 տեղ ունենալով խորհրդարանում` կարող էր վարչապետ ունենալ, այդպիսի բան չի լինում: Ցանկություն ուներ ու դրա մասին բարձրաձայնեց, նորմալ է, իհարկե, ՕԵԿ ցանկացած անդամի համար իր կուսակցության առաջնորդը կարող է հավակնել ինչպես վարչապետ, այնպես էլ նախագահ լինել, բայց չեմ կարծում, որ իրենք խռովել են, որ նրան վարչապետ չի նշանակել”:
Սաֆարյանը համոզված է, որ եթե նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանար, որ ՕԵԿ-ը մնար կոալիցիայում, ապա ՕԵԿ-ի նախարարական պորտֆելների թիվը կավելացներ: ”Եթե Սերժ Սարգսյանն ուզենար, որ ՕԵԿ-ը մնար կոալաիցիայի մեջ, նրան կարող էր մի տեղ էլ ավել առաջարկել, մանավանդ ”Բարգավաճ Հայաստանը” հայտարարել է, որ չի մտնում կոալիցիա, նույնն էլ ՀՅԴ-ը. ՀՀԿ-ին ուղղակի կոալիցիա պետք չէ”:
Հարցին, թե կարող է ՕԵԿ-ը դառնալ ընդդիմություն արված բոլոր ճիշտ ու սխալ քայլերից հետո, ”Ժառանգության” ներկայացուցիչը պատասխանեց, որ նախ դա պետք է ցանկանալ: Նա մատնանշեց, որ մինչ այժմ ՕԵԿ ներկայացուցիչները չեն հայտարարել, որ դառնալու են ընդդիմություն և կուսակցության առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ հաջորդ շաբաթ է ասելու` մնում է պաշտոնում, թե ոչ:
”Նախ պիտի ուզենալ ընդդիմություն լինել, ապա կարողանալ: ՕԵԿ-ը մեկ անգամ անցում է կատարել դեպի ընդդիմադիր դաշտ ու գիտակցում է այդտեղ լինելու ամբողջ պերճանքն ու թշվառությունը, առավել ևս երբ քո կուսակցության շարքերում կան գործարարներ, համակարգում աշխատողներ, մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ կախված են իշխանությունից”,-եզրափակեց նա: