Ռոբերտ Քոչարյանը «աչքիս լույսը» չէ, բայց պարտադիր չէ նրան կալանավորելը. Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դատական գործին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վկայի կարգավիճակով հարցաքննության փաստին, նշեց, որ ՀՀ «անմակարդակ զանգվածի» մոտ մարդու իրավունքների նկատմամբ կա քամահրական վերաբերմունք, և եթե որևէ մեկին թվա, որ մարդը սխալ է արել, ուրեմն նրան պետք է ոչնչացնի։
«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ, որոնք նախնական կալանքի փուլում են, ինձ մոտ կա սկզբունքային վերաբերմունք, եթե նրանք նախաքննությանը փաստերով չեն խանգարում, ապա պետք է լինեն ազատության մեջ։ Եթե այս ամենը չկա, նշանակում է, որ մարդու իրավունքների ոլորտում թվացյալ հեղափոխությունից հետո ամեն ինչ նույնն է մնացել։ Չեմ ցանկանում խորանալ մանրամասնությունների մեջ, միայն տագնապում եմ, որ իշխանավորների սխալի պատճառով տուժում է պետությունը»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։
Նա նաև տեղեկացրեց, որ 2008 թվականի մարտի 1-ին անձամբ գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի ամառանոց` հասկանալու համար, թե ինչու են նրան արգելափակում, սակայն տեսել է, որ նրան ոչ թե արգելափակել են, այլ նա ցանկություն չի ունեցել դուրս գալու։
«Շատ մանրամասներ գիտեմ, բայց քանի որ նախաքննություն է ընթանում` շատ բաներ չեմ ասի։ Ռոբերտ Քոչարյանին չեմ սիրում, իմ «աչքի լույսը» չի, բայց այսօր իմ նախասիրություններին հետևելով՝ չեմ կարող ասել՝ ինչ լավ է, որ նրան բռնել են, պարտադիր չէ, որ նա լիներ կալանավորված։ Ես տեսնում եմ, որ այսօր արդարադատություն իրականացնելիս տեղի է ունենում մարդու իրավունքների ոտնահարում։ Եթե գործը հայտնի է, ինչո՞ւ չեն քննում, ինչո՞ւ դատաքննություն չի ընթանում, 9 ամիս է՝ մենք զբաղված ենք բռնել-բաց թողնելով, այսինքն՝ իշխանությունները զբաղված են հանրային կրքերը բավարարելով»,- եզրափակեց Հայրիկյանը։