Կոալիցիան լքելու իրական պատճառները
”Օրինած երկիր” կուսակցությունն իր քաղաքական խորհրդի նիստում որոշում է ընդունել ”քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել խնդրահարույց և ոչ նպատակահարմար”:
Հասկանալի է, որ այն պատճառները, որի մասին նշված է ՕԵԿ պաշտոնական հայտարարությունում, առանձնապես որևէ կապ չունեն ՕԵԿ-ի` ”կոալիցիոն նավը” լքելու իրական դրդապատճառների հետ, իրականում այդ քայլը բխում է ՕԵԿ միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարությունից:
ՕԵԿ-ը պատրաստվում է 2017-18 թվականի ընտրական ցիկլին. ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի պայմանավորվածության համաձայն՝ ՀՀԿ-ն պարտավորվել էր աջակցել ՕԵԿ-ին 2012 թվական խորհրդարանական ընտրություններում` տեղ զբաղեցնելու խորհրդարանում, ինչի դիմաց ՕԵԿ-ն իր անվերապահ ծառայություններն էր առաջարկել ՀՀԿ-ին, ընդհուպ պարտավորվածություն` 2013 թվականի նախագահական ընտրություններին ոչ միայն չառաջադրել սեփական թեկնածուին, այլև սատարել Սերժ Սարգսյանին:
Երկու ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածության առավելագույն ժամկետը 2017-18 թվականների ընտրական ցիկլն էր ու ըստ այդմ` ՕԵԿ-ը երկու ճանապարհ ուներ` մինչև 2017 թվականը մնալ կոալիցիոն կառավարության կազմում ու ”վայելել” ”իշխանական կերակրատաշտի” ընձեռած հնարավորություններ կամ ինչ-որ փուլում` այս կամ այն պատճառաբանությամբ, դուրս գալ կոալիցիայից` առաջիկա ընտրական ցիկլին ներկայանալով որպես ”ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժ”:
Եթե ՕԵԿ-ը ընտրեր առաջին ճանապարհը ու մինչև 2017 թվականը մնար իշխող կոալիցիայի կազմում, վստահաբար կարելի է ասել, որ այն այդ կարգավիճակով 0-ական հնարավորություններ կունենար խորհրդարան մուտք գործելու հարցում: ՕԵԿ-ն ընտրեց երկրորդ տարբերակը, որը չի երաշխավորում նրա ներկայությունը հաջորդ խորհրդարանում` հաշվի առնելով նրա վարկանիշը, սակայն, ՕԵԿ-ն այլ ճանապարհ չուներ:
Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, թե ինչու ՀՀԿ-ն ոչինչ չարեց` ՕԵԿ-ին այդ քայլից հետ պահելու համար, ամեն դեպքում, ՕԵԿ-ը մեծ ծառայություն էր մատուցում ՀՀԿ-ին` առաջին հերթին խորհրդարանում անհրաժեշտ ձայներ ապահովելու ու ՀՀԿ-ի նախագծերը հաջողությամբ անցկացնելու հարցում:
Իհարկե, ՀՀԿ խմբակցության անդամների թիվը հնարավորություն տալիս է ցանկացած նախագիծ ընդունելու համար, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով 5 պատգամավորի բացակայությունը խնդիրներ է առաջացնելու ՀՀԿ-ի համար, ենթադրվում է, որ իշխանությունն արդեն մտածել է այդ մասին:
ՀՀԿ-ի հանգստությունը` ՕԵԿ-ի կոալիցիային չմիանալու առնչությամբ, նշանակում է, որ իշխանությանը հաջողվել է ֆորմալ կամ ոչ ֆորմալ կարգով պայմանավորվել խորհրդարանական որոշ ուժերի հետ` առնվազն կարևոր նախագծերի անցկացման հարցում խնդիրներ չստեղծելու առնչությամբ: Ի տարբերություն ՀՅԴ-ի, որը դեռ չի կողմնորոշվել կոալիցիային միանալու հարցում, ԲՀԿ-ն պնդում է, որ իր օրակարգում նման հարց չկա:
Սակայն քաղաքական ուժերի համագործակցությունը միայն կոալիցիայի շրջանակներով չի սահմանափակվում ու, հաշվի առնելով ”քառյակի” օրակարգում առկա անորոշությունները՝ նոր վարչապետի նշանակումից ու սահմանադրական կոնցեպցիայի նախագծի հրապարակումից հետո, ենթադրելի է, որ, այնուամենայիվ, իշխանությունը ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն ունի:
Վերլուծել է քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը: