Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը. «Սասնա ծռեր»
Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) նախօրեին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:
Սիրիայում Ռուսաստանի ռազմաքաղաքական միջամտության շրջանակներում և նրա հովանու ներքո իրականացվող այս ձեռնարկման վերաբերյալ մեր նախորդ հայտարարության մեջ մտահոգություն էինք հայտնել, որ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնալիքներ է ստեղծելու մեր ազգային շահերի ու անվտանգության համար և ՀՀ կառավարությանը հորդորել էինք ձեռնպահ մնալ դրանից:
Առայժմ ստիպված ենք ցավով փաստել, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն անտեսում է Ռուսաստանից Հայաստանի գաղութային կախյալության հաղթահարման և նրա հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու կենսական անհրաժեշտությունը և շարունակում է Ռուսաստանի գաղութային վարչակազմի վերածված նախորդ ռեժիմի արտաքին քաղաքականությունը, ինչի հետևանքով էլ ավելի է մոտենում արտաքին հարաբերությունների ասպարեզում ինքնուրույնությունից հրաժարվելու աղետալի կետին»: