Իշխանական «բարդակ» . Փաստ
Հայաստանի պետական օրհներգի փոփոխության մասին քննարկումները բավականին հետաքրքիր շերտեր բացահայտեցին ոչ միայն հասարակության եւ իշխանության գեղագիտական մոտեցումների եւ դրանց միջեւ առկա համաձայնությունների ու հակասությունների, այլեւ հենց իշխանության ներսում եղած հակասությունների առումով: Օրհներգի փոփոխությունն, իհարկե, առիթ էր, պատճառն ավելի խորքային է: Այդ առիթը, սակայն, ցույց տվեց, թե ինչպիսին է իշխանության ներքին խոհանոցը:
Օրհներգի փոփոխությունների շուրջ քննարկումները վերածվեցին ներիշխանական ֆեյսբուքյան հակադրությունների, եղան դեպքեր, երբ իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետ սկսեցին հարաբերվել ֆեյսբուքյան բաց նամակներով կամ բավական սուր, ներթիմային սոլիդարության սահմանն ակնհայտորեն խախտող մեկնաբանություններով: Սա, իհարկե, փաթեթավորվում է որպես ներքին դեմոկրատիա, կամ, ինչպես ընդունված է ասել, ներիշխանական ընդդիմության առկայություն:
Սակայն ֆեյսբուքյան այս փոխհրաձգություններից զատ, նկատվում է նաեւ որոշակի անհամատեղելիություն հնչող հայտարարությունների մասով: Օրինակ, մի դեպքում հայտարարվում է, որ օրհներգի փոփոխության հարցը կքննարկվի խմբակցությունում, մեկ այլ դեպքում հայտարարվում է, որ խմբակցությունում այդ հարցը չի քննարկվի:
Կառավարությունն էլ իր հերթին է փոխվարչապետներից մեկի գրասենյակի ղեկավարի մակարդակով տեղեկացնում, որ նման հարց քննարկման դրված չէ գործադիրում: Այսինքն, ոչ միայն չկա ներկուսակցական հստակ դիրքորոշում կոնկրետ հարցի վերաբերյալ, այլեւ չկա հստակեցված ընթացակարգ: Կամ պարզ ասած՝ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, բայց այս չիմացությունը ներկայացվում է որպես ներկուսակցական դեմոկրատիա:
Ներկուսակցական դեմոկրատիան ու կարծիքների բազմազանությունն, անշուշտ, ողջունելի երեւույթներ են: Սակայն սրանք վերացական հասկացություններ չեն, այլ կոնկրետ մեխանիզմներ ու մշակույթ, որոնք յուրացվել են արեւմտյան քաղաքական, կուսակցական համակարգերի կողմից: Արեւուտքում էլ խոշոր կուսակցությունների ներսում կան հակադիր թեւեր, բայց այդ հակադրությունը հիմնվում է շատ կոնկրետ հայեցակարգային տարբերությունների վրա եւ արտահայտվում շատ կոնկրետ ընթացակարգերով, օրինակ, ներկուսակցական ընտրություններով ու դեբատներով:
Ո՛չ ՔՊ–ում, ո՛չ էլ «Իմ քայլի» ցուցակը կազմելիս որեւէ նման ընթացակարգ չի ներմուծվել: Թիմը, այնուհետ նաեւ խմբակցությունը կազմվել է Փաշինյանի եւ նեղ շրջանակի հայեցողությամբ: Հետեւաբար ցանկացած ներքին անհամաձայնություն, իսկ դրանք վստահաբար քիչ չեն, առանց ներկուսակցական դեմոկրատիայի հստակ ընթացակարգերի, պարզապես վերածվում է անձնական, շահադիտական, իշխանության համար մղվող պայքարի կոնտեքստում արվող սակարկման:
Իշխանության ներսում, սակայն, անհամաձայնությունների այս շքերթը չի սահմանափակվում միայն քաղաքական թիմով, այն դառնում է ընդհանրապես միջգերատեսչական հակամարտությունների առիթ, եւ պարգեւավճարների հայտնի թեման դրա վառ ապացույցներից մեկն է: Ասել է թե, բացի Նիկոլ Փաշինյանի անձից ու նրա լեգիտիմության շուրջ միաբանությունից, այլ առանցք իշխանությունն այս պահին չունի, եւ գտնվում է անվերջ ներքին հակամարտությունների պրոցեսում: Թե ուր կարող է սա տանել, մենք շատ լավ գիտենք նախորդ իշխանության փորձից:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: