23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրճատել հաճույքները, ոչ թե մարդկանց

ՀՀ մասամբ ձևավորված կառավարությունը նախատեսում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ դեռևս նախարար չունեցող նախարարություններն այլ գերատեսչություններին միավորելով և մասամբ լուծարելով: Եվ այս ամենն ամենաբարձր մակարդակով մատուցվում է հանրությանը՝որպես կառավարության արդյունավետության բարձրացում, և այն որևէ կերպ չի առնչվում ֆինանսների խնայողությանը: Ինչ խոսք, այն որ երկար տարիներ պետական ապարատի ուռճացվածությունը որպես չարիք է մատուցվել հանրությանը և դրանով պայմանավորված ստեղծվել է հանրային չեզոք, իսկ երբեմն դրական կարծիք հազարավոր կրճատվող պետական ծառայողների (ոչ բարձրաստիճան) նկատմամբ՝ առանց քննարկելու կրճատվողների մասնագիտական որակներն ու պետության կողմից նրանց պատրաստման համար արդեն իսկ կատարված ծախսերը, այդուհաներձ նման հարցերը պետք է դիտարկել համակարգային և բովանդակային տեսանկյունից:

Այն որ մի շարք ոլորտային գերատեսչությունների վերամիավորումը և հազարավոր մասնագետների կրճատումը արդյունավետության որևէ գործոն (թերևս բացի ֆինանսական խնայողությունից) պարունակել չի կարող, կարելի է եզրահանգել առանց խորը վերլուծությունների, եթե իհարկե չեն գտնվի այնպիսի բազմապրոֆիլ և հմուտ ղեկավարներ, որոնք կղեկավարեն միավորված գերատեսչություններն ավելի արդյունավետ, քան յուրաքանչյուր ոլորտի մասնագետ-ղեկավարները:

Եթե նույնիսկ ընդունենք, թե միավորումից և կրճատումից հետո արդյունքի տեսանկյունից կունենանք նույն պատկերը և գումարած ֆինանսական խնայողություն, ապա հարցեր են առաջանում՝ արդյո՞ք պետությունը ՍՊԸ է, որին հետաքրքրում է միայն ֆինանսական արդյունքը և ոչ թե իր քաղաքացու ճակատագիրը, արդյո՞ք չկան այդ խնայողություններն ապահովելու այլ ճանապարհներ, և արդյո՞ք այս ամենը չի իրականացվում ոլորտային խնդիրները հնարավորինս մոռացության տալու համար:

Միթե՞ Հայաստանում կա այնպիսի աշխատաշուկայի հարթակ և պահանջարկ, որտեղ կարող են պետական մարմիններից կրճատվող հազարավոր քաղաքացիներ աշխատանք գտնել, միթե՞ սպասվող օպտիմալացումը կրճատվողների և իրենց ընտանիքների համար չի առաջացնի սոցիալական նոր դժվարություններ, քանի որ շատերը՝ հենց նույն պետության կողմից տրված աշխատանքի երաշխավորությամբ ունեն վերցրած վարկային միջոցներ, շատերն այդ նույն ճանապարհով ձեռք են բերել բնակարաններ ու  այդ վարկային՝ հարյուր միլիոնների հասնող գումարների մարման երաշխավորողը՝ որպես գործատու, նույնպես եղել է պետությունը:

Միայն մակերեսային ուսումնասիրությամբ պետական բյուջեում կարելի է գտնել այնպիսի ծախսեր, որոնք ուղղված են պետական պաշտոնյաների հնարավորինս ճոխ և հարմարավետ կառավարման ապահովմանը, և որոնց կրճատման պարագայում վստահաբար աշխատանքի արդյունավետությունը չի նվազի.

օրինակ՝

– ծառայողական ավտոմեքենաների կրճատում, որոնց պահպանման ու շահագործման համար պետական բյուջեից հարյուրավոր միլիոն դրամների ծախս է իրականացվում, և դրանք կրճատելու ուղությամբ 2019 թվականին դեռևս որևէ առարկայական քայլ չի կատարվել (միայն խոսվում է, սակայն հստակեցված չէ կրճատվող տոկոսը): Եթե խոսենք թվերով, ապա դրանց էական կրճատումը և արդյունավետ շահագործման նոր սկզբունքների կիրառումը կարող է զգալի ֆինանսական տնտեսման հանգեցնել՝ 1 ծառ. ավտոմեքենայի (տարեկան ծախսը) = 2 քաղ. ծառայողի (պահպանման ծախս) և, եթե կրճատվի մոտ 65-70 ծառայողական ավտոմեքենա, ապա դրանով կապահովվի ՀՀ մշակույթի նախարարության բոլոր աշխատակիցների տարեկան աշխատավարձի

– կամ, պետության կողմից իրականացվող գործուղումների ծախսերը, որոնց անհրաժեշտության և արդյունավետության վերաբերյալ որևէ հստակ հիմնավորում չկա և չի ներկայացվել, ուստի դրանք առնվազն մասնակիցների քանակի և ճոխության առումով կարելի է կրկնակի կրճատել,

– կամ, վերջերս այդքան շատ քննարկվող պարգևավճարների հարցը, ինչի վերաբերյալ նույնպես հաստատուն չափորոշիչ չկա, թե ինչու՞ օրինակ մի քանի պաշտոնյաներ պետք է պարգևատրվեն մի ամբողջ գերատեսչության աշխատավարձի ֆոնդի չափով՝ այն էլ աշխատելով մի քանի ամիս,

– կամ, Ամանորյա նոր տոնածառը, բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության աշխատակիցների նման քանակը՝ ներառյալ վերարկու բռնողներին և այսպես շարունակ…

Համոզված ենք, որ յուրաքանչյուրս մեր տանը խնայողությունները սկսում ենք համեստ ապրելակերպին անցնելուց, ոչ թե ընտանիքի անդամներին արտագնա աշխատանքի կամ բախտի քմահաճույքին ուղարկելուց:

 

 «ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԿ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ