05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետական կառավարման համակարգը աշխատատեղ չէ․ Փաշինյանը՝ նախարարությունների թվի կրճատման մասին

Ինչքան շատ նախարարություններ կան երկրում, նշանակում է կառավարությունը այդքան շատ բան է ուզում վերահսկել եւ ինչքան շատ բան է ուզում վերահսկել, նշանակում է այդքան ավելի մեծանում են կոռուպցիոն ռիսկերը․  այսօր՝ հունվարի 18-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի սպասվող փոփոխություններին։

Վարչապետը շեշտեց՝ օպտիմալացման նպատակներից մեկը նախարարությունների ուռճացված գործառույթները հստակեցնելն է եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելը. «Եթե մենք ունենք բազմաթիվ նախարարություններ, որոնցում կան շատ ավելի բազմաթիվ մարդիկ, նշանակում է այդ մարդիկ ինչ–որ բանով պետք է զբաղվեն, ինչ–որ բան պետք է կարգավորեն։ Այսինքն՝ հնարավոր չէ պահել նախարարություններ՝ առանց նրանց կոնկրետ լիազորություններ տալու, հակառակ դեպքում՝ այդ նախարարությունների գոյությունը որեւէ իմաստ չունի։ Իսկ ինչքան շատ ուռճացվում են նախարարության գործառույթները, այդքան ավելի մեծանում են կոռուպցիոն ռիսկերը»։

Օպտիմալացման պրոցեսի կարեւորագույն նպատակներից մյուսը, նրա խոսքով, պետական կառավարման համակարգի աշխատողների համար պատշաճ աշխատավարձ ապահովելն է, բայց ոչ թե վճարել այն աշխատողներին, որոնց կարիքը չկա. «Չափազանց սխալ եմ համարում, երբ պետական կառավարման համակարգին նայում են որպես աշխատատեղ։ Չի կարող այդպես լինել, որովհետեւ եթե որեւէ մեկը պետական կառավարման համակարգին նայում է որպես աշխատատեղ, շատ հեշտ տարբերակ եք առաջարկում, բերեք եղած 18 հազար հաստիքները եւս 18 հազարով էլ ավելացնենք, ասենք աշխատատեղ ստեղծեցինք, բայց դրա արդյունքում երկիրը կհայտնվի լուրջ ճգնաժամի մեջ»։

Փաշինյանի խոսքով՝ գործընթացն ունի նաեւ երկրորդ երես. «Խոսքը ոչ միայն կառավարության համակարգի արդյունավետության, այլ ֆունկցիոնալության բարձրացման մասին է։ Պետք է աշխատենք այնպես անել, որ կառավարման համակարգում գործառույթների կրկնություններ չլինեն»։

Փաշինյանը թվարկեց մի քանի երկրները, որտեղ կրթությունն ու մշակույթը մեկ գերատեսչություն է համակարգում. «Ես ուզում եմ ասել, որ մենք այս գաղափարի առաջամարտիկները չենք, եւ աշխարհում կան նաեւ այլ երկրներ, որոնք մտածել են, որ գիտության ու մշակույթի նախարարությունները պետք է միասին լինեն։ Այդպիսի պրակտիկա կա, օրինակ, Ավստրիայում, որտեղ կա Կրթության, արվեստի եւ մշակույթի նախարարություն, Գերմանիայում՝ Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն, Իսլանդիայում՝ Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն, Ֆինլանդիայում՝ Կրթության եւ մշակույթի նախարարություն»,– նշեց նա՝ հավելելով, որ Ֆինլանդիան այն երկրներից է, որը կրթության բնագավառում իրականացրած բարեփոխումների արդյունքում տնտեսական մեծ առաջընթաց է արձանագրել։

Վարչապետի փոխանցմամբ՝ նախարարությունների միացման արդյունքում կկրճատվեն ղեկավար աշխատողները, կլինեն ավելի քիչ փոխնախարարներ, ծառայողական մեքենաներ, որի արդյունքում խնայված միջոցները կուղղվեն, օրինակ, մշակույթի ֆինանսավորմանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ