Նախատոնական «ցեղասպանություն». Ժողովուրդ
Գեղարքունիքի մարզում ամանորյա տոներին ընդառաջ փշատերև ծառեր են կտրվել: Դեկտեմբերի 11-ին օրաթերթի թղթակիցները Վարդենիսից դուրս եկող` դեպի Երևան տանող ճանապարհին գտնվող անտառածածկ տարածքում արձանագրել են բնական եղևնու կոտրված ու թափված ճյուղեր:
Ենթադրվում է, այդ ծառերը հատվել են ամանորին ընդառաջ վաճառելու համար, և սա այն դեպքում, երբ Հայաստանում եղևնիների և սոճիների հատումն ու վաճառքն արդեն մի քանի տարի արգելված է: Իսկ շուկայում վաճառվող բնական եղևնիների կամ սոճիների մի մասը բերվում է ՀՀ մի քանի մարզերում երկար տարիներ գործող տնկարաններից, մի մասն էլ ներկրվում է Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Լեհաստանից և Գերմանիայից:
Խնդրի առնչությամբ օրաթերթը դիմեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանին: Մեր ահազանգի հետքերով Գուլանյանը հանձնարարական է տվել պարկի Վարդենիսի մասնաճյուղի պետ Մխիթար Հարությունյանին իրականացնելու հատված ծառերի որոնողական աշխատանքները: Ավելի ուշ Գուլանյանը թերթի թղթակցին ասել է, թե «Կոտրված թափված ճյուղեր են, ըստ երևույթին, ձյան հետևանքով է դա եղել»:
Բայց, արի ու տես, որ մեր թղթակիցը տարածքում թափված, կոտրված ճյուղերը լուսանկարելիս արձանագրել է, որ ձյուն չկա, անգամ գետինը թաց ու խոնավ չի եղել:
Մինչ այդ նկատենք` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի պետը Մխիթար Հարությունյանն է: Տեղաբնակների խոսքերով` մարդիկ կարողանում են հանգիստ ելումուտ անել անտառ և Ամանորի համար եղևնի տանել:
Ու կարելի է ենթադրել՝ Մխիթար Հարությունյանը, մեղմ ասած, չի տիրապետում իրավիճակին, հետևաբար անձամբ պատասխանատվություն է կրում ամեն կտրված եղևնու համար:
Այս իրավիճակը բավական մտահոգիչ է, և իրավապահ համակարգի միջամտության կարիք կա, այլապես անխնա ծառահատումների նորանոր դեպքեր կարող են գրանցվել:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: