Այդ մոգական 8 թիվը. ուշագրավ հեղափոխական ժամանակագրություն. Հայոց աշխարհ
2018 թվականի մայիսից դեկտեմբեր ձգված 8 ամիսները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կմնան որպես պարբերական ընտրությունների տարի: Հաշվե՞նք.
Ս. Սագսյանը խորհրդարանում վարչապետ ընտրվեց
Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվեց
Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ ընտրվեց
Երեւան քաղաքի ավագանու ընտրություններ անցկացվեցին
ՏԻՄ արտահերթ ու հերթական ընտրություններ անցկացվեցին F
Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվեց
Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվեց
ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեցին
Այո՛…. Դարձյա՛լ 8 թիվը: Բայց սա դեռ ամենը չէ: Նոյեմբերին Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանը մեր 800 000 հայրենակիցներին անվանեց աշխատանքից խուսափող անբան նպաստառուներ: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե դա ի՞նչ թիվ էր, վիճակագրական ի՞նչ ցուցանիշ էր:
Ընդհուպ տեսակետ հայտնվեց, որ ըստ ֆրեյդյան հոգեվերլուծական մեխանիզմների՝ դա նախորդ տարվա ԱԺ ընտրություններում Հանրապետականի հավաքած մոտ 800 000 ձայների քանակը հաղթահարելու մտասեւեռումն էր:
Բայց քանի որ այս ամիսներին իրադարձություններն իրար հերթագայում էին կատաղի արագությամբ, այդ հարցն էլ կորավ-գնաց անպատասխան հարցերի հորձանուտում:
Դրանով իհարկե չի ավարտվում 8-ի հաղթարշավը ՀՀ-ում: Դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին մասնակցող 11 կուսակցություններից եւ դաշինքներից 8-ը, չհաղթահարելով անցողիկ շեմերը, զրկվեցին խորհրդարանում ժողովրդին ծառայելու դժվարին առաքելությունից:
8 ամիս շարունակ (այս դեպքում 8,5) հանրահավաքներում, քարոզարշավներում, սոցցանցերում, տարատեսակ ու հնարավոր բոլոր ամբիոններից ժողովրդին ասվում էր՝ «Դո՛ւ ես երկրի տերը: Դո՛ւ ես որոշողը: Դո՛ւ ես նշանակողն ու ազատողը: Դո՛ւ ես… Դո՛ւ ես… Դո՛ւ ես …», եւ այսպես անվերջ:
Ոգեւորված ժողովուրդը հուզվեց երանելի խոսքերից, բայց ընթացքում հասկացավ, որ դրանով իր պատասխանատվությունն են ավելացնում՝ դիմացը ոչինչ չտալով: Բայց չէ՞ որ ինքը հարկեր է մուծում հենց նրա համար, որ յուրաքանչյուր ոլորտի մասնագետներն իրենք որոշումներ կայացնեն, աշխատանքներ իրականացնեն եւ պատասխան տան դրանց հետեւանքների համար:
Դեկտեմբերի 9-ը դարձավ այն օրը, երբ ժողովուրդը փոխանցեց պատասխանատվության 100 տոկոսն իր ընտրած ուժին, ավելի ճիշտ՝ անձին. «Տերը մե՛նք ենք, բայց պատասխանատուն դո՛ւք եք: Վերադարձնում ենք ձեզ ձեր գործը՝ ծառայե՛ք մեզ, օրենքներ գրե՛ք մեզ համար, ապահովե՛ք մեր ու մեր երկրի անվտանգությունը»։
Ավարտվեց խոստումների փուլը, գնդակն արդեն իշխանավորների կիսադաշտում է: Հասել է իրական աշխատանքների եւ իրական պատասխանատվության ժամանակը: Դրան են սպասում ՔՊ-ին վստահության քվե տված 884 հազար 849 հոգի:
Իսկ 1 329 112 քաղաքացի (բնակչության 51,33 տոկոսը)՝ չգնալով ընտրության, ցույց տվեցին, որ նոր իշխանությունների հետ հույսեր չեն կապում: Ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ: Շուտով գարուն կգա, եւ կծլարձակեն այս 8 ամիսներին ցանած սերմերը… (իսկ սերմերը, խոսքը մեր մեջ, անորակ էին):
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: