23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաստորեն, «Գազելներն» ավելի ուժեղ էին, քան հեղափոխության իդեալնե՞րը. Աշոտյանը՝ Փաշինյանին /տեսանյութ/

Ինձ, ինչպես նաեւ վարչապետի պաշտոնակատարին, մտահոգում է ցածր մասնակցությունը: Այս մասին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կոչ եմ անում անպայման գնալ ընտրությունների, անպայման մասնակցել եւ ձեր ձայնը տալ հանուն Հայաստանի ապագայի»,-ասաց նա:

Անդրադառնալով ընտրությունների ցածր մասնակցությանը, Աշոտյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը երեք պատճառ բերեց, թե ինչու է մասնակցությունը ցածր: Առաջինը ասում էր, որ նախկինում «Գազելներով» տանում էին ընտրության, իսկ այսօր այդ պրակտիկան չկա: Փաստորեն, պարոն Փաշինյան, «Գազելներն» ավելի ուժեղ էին, քան հեղափոխության իդեալնե՞րը: Փաստորեն, «Գազելներով» մարդ տանելը ընտրական իրավունքն ապահովելու մեխանիզմ էր, իսկ ձեր կողմից իրականացրած իշխանափոխության իդեալները՝ ո՞չ: Կարծում եմ՝ շատ թույլ բացատրություն է, իրական բացատրություն չէ, որովհետեւ եթե ընդունենք այդ բացատրությունը, կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այս ամիսների ընթացքում ակտիվորեն սփռվող քարոզչությունն ու հակաքարոզչությունը որեւէ արժեք չունեն: Եթե «Գազելներն» ավելի ուժեղ են, քան հեղափոխության իդեալները, ըստ վարչապետի, ապա ես ցավում եմ այն իշխանության համար, որ ձեւավորվելու է այդ միջավայրում:

Երկրորդ պատճառը, որ բերեց Նիկոլ Փաշինյանը, ասաց՝ դե կիրակի օր է, մարդիկ սուրճ են խմում եւ այլն:Եթե մոռացել եք, հիշեցնեմ, որ ՀՀ-ում վերջին տարիների բոլոր ընտրությունները կազմակերպվել են հենց կիրակի: Նույն կիրակի օրով մարդիկ արթնացել են, սուրճ են խմել, կազմակերպել են իրենց առօրյան եւ գնացել են ընտրությունների:

Երրորդ պատճառը, որ վարչապետի խոսքում հնչեց, եղանակային անբարենպաստ պայմաններն են: Սա նույնպես քննադատությանը չդիմացող պատճառ է, որովհետեւ երբ վարչապետը իր միանձնյա որոշմամբ փորձում էր ճնշել ու ճնշում էր Ազգային ժողովը, երբ իր միանձնյա քաղաքական կամքը թելադրելով ընտրությունները տեղափոխում էր հնարավոր գարնան ժամկետից դեպի դեկտեմբեր, այն ժամանակ չէր մտածում կամ երեւի չգիտեր, որ դեկտեմբերը ծանր եղանակային անբարենպաստ եղանակային պայմանների ամիս է: Սա նո՞ր եք բացահայտել, որ դեկտեմբերին այսպիսի եղանակ է լինում, լինում է ձյուն, լինում է ցուրտ, մառախլապատ է լինում: Արդյոք ընտրությունների ժամկետը որոշելիս չգիտեիք, որ դեկտեմբերն այդպիսի եղանակ է մատուցում»:

Արմեն Աշոտյանը դիմելով ընտրության չգնացած քաղաքացիներին ասաց. «Ձեր հիասթափությունը մի վերածեք չմասնակցության: Ձեր ձայնը պետք է անպայման լսելի լինի: Անտարբերությունը, հիասթափությունը լուծում չէ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ