Բուենոս Այրեսում կհիշատակեն Հայոց Ցեղասպանությունը
Ապրիլի 4-ին Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը միաձայն ընդունեց հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես “20-րդ դարի առաջին ցեղասպանության օր” հիշատակելու վերաբերյալ:
Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էռերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը եւ Պաբլո Պերեյրան:
Օրենսդիր մարմինը նաեւ հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ նախաձեռնություն, համաձայն որի գործադիր իշխանությունը Կրթության նախարարության միջոցով պետք է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի 2014թ. ապրիլի 24-ին եւ հաջորդող տարիներին` այդ նույն օրը, Բուենոս Այրես քաղաքի տարբեր դպրոցներում եւ կրթական հաստատություններում “Ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր” խորագրով միջոցառումներ իրականացվեն:
Հիշատակի այս օրը պետք է ներառվի Բուենոս Այրես ինքնավար քաղաքի կրթական ծրագրի մաս կազմող հիշատակի եւ տոների օրացույցում՝ ի հիշատակ ապրիլի 24-ին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության: