”Մովսիսյանին հրավիրելը ”Սպարտակի” սխալն էր”.Ռոմանցեւ
Մոսկվայի ”Սպարտակի” պատմության ամենատիտղոսակիր մարզիչ Օլեգ Ռոմանցեւը Sport-Express-ի հետ զրույցում հայտարարել է, որ հարձակվող Յուրա Մովսիսյանին հրավիրելը դարձավ մոսկովյան ակումբի սխալը: Մասնագետի խոսքերով, թիմը չի կարող իր խաղը կառուցել մեկ խաղացողի շուրջ: Մովսիսյանը ”Սպարտակ” է տեղափոխվել 2013 թվականի սկզբին: Նա անցկացրել է 30 խաղ եւ դարձել 18 գոլի հեղինակ:
”Թիմի կառուցումը բարդ գործընթաց է: Բերեմ մեկ օրինակ` չնայած, որ դա կարող է ինչ-որ մեկին դուր չգալ: Կարծում եմ, որ Մովսիսյանին հրավիրելը ”Սպարտակի” սխալն էր: Ավելին, այն, որ Յուրան իր առաջին խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, չար կատակ խաղաց իր հետ: Մովսիսյանը հիանալի խաղացող է, բայց ”Սպարտակը”, հենվելով նրա վրա, դանդաղորեն կոտրեց իր խաղաոճը: Հիմա նա արդեն ձեռքով ցույց է տալիս, թե խլեք գնդակն ինձ համար, եւ ես կպայքարեմ: Պաշտպաններն ու կիսապաշտպանները դադարել են մտածել կոմբինացիաների մասին: Նրանց մտածելակերպը պարզ է` կա հարձակվող, ով կարող է վճռել խաղի ելքը, իսկ մենք էլ նրան կծանրաբեռնենք: Եթե թիմը խաղում է միայն առաջատարի վրա, դա վատ է: Իսկ եթե առաջատարն է խաղում թիմի համար, դա արդեն լավ”,-նշել է Ռոմանցեւը: