24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից, էս ովքե՞ր են սրանք. Նիկոլ Փաշինյան

Այսօր Սպիտակում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեց Գյումրիից սկսված քայլարշավը, որ ավարտվեց ապրիլին Երևանում։ Նա հիշեց, որ Սպիտակի ճանապարհին գյուղերում իրենց «կառտոշկի փուռ» են հյուրասիրել, որ անզուգական էր, իսկ Սպիտակում՝ մե՜ծ կաթսայով խաշլամա։ Փաշինյանը խորհուրդ տվեց. «Եկեք Սպիտակ, եկեք Կաթնաջուր, եկեք Շիրակամուտ՝ փուռը փորձելու»։

«Հարցը փուռը չի, հարցը խաշլաման չի։ Մենք էդ փուռով ու խաշլամայով ճաշակում էինք քաղաքացիական Հայաստանի համը։ Ես ցավում եմ, որ այսօր դեռևս էդ համը՝ ազատ, երջանիկ Հայաստանի համը, ոչ բոլորն են ճանաչել»,- հավելեց Ն.Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր Սպիտակի ճանապարհին գյուղացիներն իրեն կանգնեցրել էին ու ասել էին, թե վախենում են ՀՀԿ-ից. «Եթե նկատի ունեն էդ հանրապետականների պաստառները, որ գիշերվա սատանայի նման հայտնվում են ճանապարհին սևով, էդ կարող եմ հասկանալ։ Բայց ժողովուրդ ջա՛ն, ախր ի՞նչ է տեղի ունեցել. ապրիլին տեղի է ունեցել հեղափոխություն, դեկտեմբերի 9-ին տեղի է ունենալու արտահերթ ընտրություններ։ Էս գործողություններով մենք իշխանությունը վերադարձրել ենք ձեզ, դուք որևէ քաղաքական ուժից վախենալու բան չունեք, քաղաքական ուժերը պիտի վախենան ձեզնից։ Ժողովուրդ ջա՛ն, ախր էս ինչի՞ մասին եք խոսում»։

Քաղաքացիներից մեկի դիտարկմանը, որ վախենում են՝ ՀՀԿ-ն նորից լինի իշխանության, Ն.Փաշինյանը կոչ արեց՝ ոչ մի քվե մի՛ տվեք, չի լինի.

«Դուք եք որոշում՝ լինի՞, թե՞ չլինի։ Եվ ձեր կոչն ա՝ ոչ մի ձայն ՀՀԿ-ին, ոչ մի ձայն։ Որովհետև փորձը ցույց է տալիս, որ ինչքան փորձում ենք լարումներ չմտցնել, սիրո և համերաշխության մթնոլորտը տարածել, ոմանք առիթավորվում են դրանից։ Եվ այս ընտրություններում կա պատմական առաքելություն՝ ՀՀԿ թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը։ Ոչ մի ձայն հանրապետականներին։ Նրանք ասում են՝ եթե մտահոգված ես, ձայն տուր Հանրապետականին, ես էլ ասում եմ՝ եթե ազատ, արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս Հանրապետականին, ձայն չտաս Հանրապետականին։ Ես ասում եմ՝ ձայն չտաք էն ուժերին, որոնք թեկուզ մեկ անգամ փորձել են ընտրակաշառքով ընտրություն հաղթել, ոչ մի ձայն որևէ ուժի, որ երբևէ ընտրակաշառք է կիրառել, ոչ մի ձայն որևէ ուժի, որ սպառնալիք է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ, ոչ մի ձայն այդ ուժին, ոչ մի ձայն»։

Սպիտակցիները բողոքեցին վագոն-տնակներից, որ երկրաշարժից 30 տարի անց էլ  ստիպված են դրանց մեջ ապրել։

«Վագոնների մեջ չմնալու համար պետք է քայլ անել, ու ֆիզիկապես դուրս գալու համար պետք է մտովի քայլ անել»,- արձագանքեց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ քվե են ակնկալում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։

Ն.Փաշինյանը դիմեց դեռևս պաշտոններին մնացած ՀՀԿ-ական գյուղապետերին, որ, եթե հանկարծ մտքով անցկացնեն ընտրությունների կամ այլ առիթով վախեցնել գյուղացիներին, անձամբ է գնալու նրանց հետևից. «Ու վզներիցդ բռնած, դուրս եմ շպրտելու կաբինետներից, վզներիցդ բռնած։ Ո՞նց, էս երկրում մարդ կա, որ փորձում ա քաղաքացուն վախեցնե՞լ։ Տո, այո, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին։ Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից»։

Ն.Փաշինյանը նշեց, որ ոստիկանությանն ասել է՝ չփորձի մեկը թպրտալ, հոխորտալ, գող կլինի, թե ավտարիտետ, պատերով կտան բոլորին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ