Հայրիկյանը ամոթանք է տվել Կարեն Անդրեասյանին
“Կարեն Անդրեասյանը չի ծառայում մարդու իրավունքները պաշտպանելուն, այլ պաշտոնն օգտագործում է անձնական նպատակների համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանը համարում է, որ Կարեն Անդրեասյանը իրավունք չունի զբաղեցնելու իր պաշտոնը:
ԱԻՄ առաջնորդը հիշեց իր ՄԻՊ եղած տարիները, երբ ընդամենը չորս անդամներով ջանք չէին խնայում այդ ինստիտուտը Հայաստանում ձևավորելու համար:
“Ես չորս տարի աշխատում էի առանց աշխատավարձի, իսկ այդ տարիներն իմ աշխատանքային ստաժի մեջ անգամ չմտան: Այնինչ, 640 000 դրամ աշխատավարձ ստացող այս երիտասարդը համարձակվում է ցավ հայտնել, որ ինձ, որպես նախագահի թեկնածու մահափորձի ենթարկվածիս, պետությունը օգնել է: Անպարկեշտ է, որ 640 000 դրամ աշխատավարձ ստացող մարդն անհանգստանում է Հայրիկյանին բուժօգնություն ցուցաբերելու համար”,-նշեց նախագահի նախկին թեկնածուն:
Հայրիկյանը զայրացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը.
“Այս մարդը, բան ու գործ թողած՝ մարդու իրավունքները պաշտպանելու փոխարեն, հարձակվում է ինձ վրա: Ամոթ իրեն, ես միայն խորհուրդ կտամ, որ լռի, որովհետև շատ բաներ գիտենք, որ չենք ասում: Օրինակ` Եվրոպական միությունը 700 000 եվրո օգնություն էր հատկացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Ի՞նչ արեցին, ձևական մի քանի գրասենյակ բացվեցին մարզերում, մնացածն իրենց համար մեքենաներ գնեցին”:
Չնայած Հայրիկյանին չի գոհացրել իրեն տրամադրված գումարի չափը, սակայն նա տեղեկացնում է, որ այնուամենայնիվ գումարը ծառայել է իր նպատակին. “Ես սկզբնական շրջանում գրիչ չէի կարողանում բռնել, հիմա արդեն կարողանում եմ գրել”,-Հավելեց Հայրիկյանը: