Գյուղատնտեսության նախարարությունը բավարար չի լուծել գյուղացիներին հասցված վնասի փոխհատուցման, կարկտահարման և 2013-ի այլ խնդիրները. Օմբուդսմեն
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց, որտեղ անդրադառնում է Գյուղատնտեսության նախարարությունում առկա թերություններին:
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
- Մի շարք դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն ստացել որևէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ:
- Բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը Պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել: Արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի:
- Դեռևս չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը, որի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողներին բնական աղետների հետևանքով հասցված վնասի փոխհատուցումն ընդհանրապես երաշխավորված չէ:
- Դեռևս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման և ռադիոլակացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկտի հետևանքներից:
- Բավարար քանակի սպանդանոցներ չեն հիմնվել անասնագլխաքանակի մորթը պատշաճ իրականացնելու համար: Արդյունքում՝ տեղի է ունեցել ժամկետն անցած և անհայտ ծագման մսամթերքի վաճառք, որը վտանգում է սպառողի կյանքն ու առողջությունը:
- Նախարարությունը չի իրականացրել արդյունավետ ծրագրեր անասնագլխաքանակի, դրանց մթերատվության բարձրացման, ինչպես նաև ցորենի սերմնաբուծության զարգացման ուղղությամբ:
Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ
Արձանագրված դրական զարգացումները
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականին իրականացվել է 220 ստուգում, որից 91-ը՝ պլանային, 114-ը՝ ոչ պլանային և 15-ը՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված հանձնարարականի կատարման մասին, որոնցից 75 գործով կազմվել է տեղեկանք, իսկ 145 գործով՝ վարչական տուգանք նշանակելու մասին որոշում: Ծառայության պետի 110 հրամաններով իրականացվել են դիտարկումներ 1551 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որոնցից 1106-ում հայտնաբերվել են անհամապատասխանություններ և կազմվել է իրացումը կասեցնելու վերաբերյալ 360 արձանագրություն:
- 2013 թվականի ընթացքում միջոցներ են ձեռնարկվել գյուղացիական տնտեսությունների չափերը մեծացնելու և գյուղատնտեսության և գյուղի սպասարկող ենթակառուցվածքների ձևավորումը արագացնելու ուղղությամբ:
- Օրենսդրական դաշտի կարգավորման և բարելավման համար Նախարարությունը մի շարք օրենսդրական առաջարկություններ է ներկայացրել:
- 2013 թվականի ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով՝ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի աստիճանաբար նորացման միջոցառումների շրջանակներում ցածր գներով Հայաստան է ներկրվել գյուղատնտեսական տեխնիկա: