29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գոնե ապրիլի 1-ին չխաբենք իրար

Գրող, թարգմանիչ, հրատարակիչ-խմբագիր Վաչագան Սարգսյանը հետաքրքիր մոտեցում ունի ապրիլի 1-ի՝ ՛՛խաբելու օրվա՛՛ հետ կապված: 

“Եկեք գոնե ապրիլի մեկին չխաբենք իրար: Տարվա բոլոր օրերին խաբում ենք, ատում, իրար միս ուտում: Թող այս մի օրն էլ ծուռ նստենք՝ շիտակ խոսենք: Եթե գոնե այս մի օրն էլ չխաբենք իրար, ապա, կարծում եմ, մենք հույս կունենանք, լույս կունենանք, գազ կունենանք ու հետո փետելու մազ կունենանք: Քանի հազար տարի խաբում ենք իրար:

  Մարդու ինքնախաբեությունն սկսվում է այն պահից, երբ նրան թվում է, թե խաբեց դիմացինին: Ա՜յ մարդ, դիմացինին խաբեցիր, նշանակում է քեզ խաբեցիր. սա մի՞թե պարզ չէ: Եթե դիմացինը հավատաց քեզ, ուրեմն ինքը խաբված չէ, եթե չհավատաց, բայց ցուցադրեց, ուրեմն դու ես խաբված: Հիմա մերն է:

Բայց, երեւի թե՝ հերն է: Իսկ հերն էլ անիծած: Ապրիլի 1 է, եկեք ճիշտն ասենք: Թող իշխանությունը ապրիլի 1-ին ասի, որ ինքը սիրում է իր ժողովրդին: Թող ժողովուրդն ասի, որ արդեն մի քանի հազար տարի է՝ իր համար մեկ է: Լինի ապրիլի մեկ, թե մայիսի: Եթե այդպես է ասվում, ուրեմն պիտի այնպես հասկացվի, բայց քանի որ ապրիլի մեկին որոշել ենք սուտ չխոսել, ուրեմն ընդհանրապես չի հասկացվի, թե ով ում է մեկ:

  Իշխանությունն ու ժողովուրդը ընկերներ են, իրար համար հոգի են տալիս, իրար ծոց են քնում, իրար փոխարեն ուտում: Ճիշտ է, ժողովուրդը սոված է մնում, բայց դե երջանիկ է. չէ՞ որ ապրիլի 1-ն է, իսկ իշխանությունը էսօր կամ վաղը կդառնա ժողովուրդ: Ի վերջո, հայրենիքն էլ է մեկը, նույնիսկ՝ ապրիլի մեկ:

   Իշխանավորը առատության եղջյուրով է խմում հայրենիքի կենացը, ժողովուրդը՝ համբերության բաժակով: Սակայն ժողովուրդը գիտի, որ այսօր իշխանավորի ձեռքին է եղջյուրը, վաղը՝ մի անհարմար տեղ կլինի: Իսկ ինքը բաժակը խմելուց հետո խփում է գետնին ու կոտրում: Չարը խափանվում է: Իսկ խափանված չարով հեռու չես գնա, պիտի սարքել: Ու սկսում են սարքաշինական աշխատանքները: Մեկ էլ տեսնում ես, ապրիլի մեկը:

Եկեք մի ապրիլի մեկ էլ փոխ վերցնենք մարտից”,– ասում են իրար: Ու խրախճա՛նք, քեֆ-ուրախություն:

   Երկու օր էնքան ճիշտ են ասում ու ճիշտ լսում, ճիշտ ուտում ու ճիշտ խմում, որ սրտները խառնում է իրարից: Իշխանությունը ժողովրդին է ասում` դու ճիշտ ես, ժողովուրդն՝ իշխանությանը: Էդպես “դո՜ւ ես ճիշտը”, “դո՜ւ ես ճիշտը” ասելով օրերը մթնում են, անց են կենում:

   Իսկ սուտն ասում է` մինչեւ իրար չմիանաք ու չխնդրեք, չեմ գա: Միանում են, խնդրում են, մի քիչ նազ ու տուզ է անում, գալիս է:

  Ու հիմա չես ջոկում` ով է ճիշտ, ով է սուտ: Հենց ջոկում ես, դրանք տեղերը փոխում են:

  Մի անգամ էլ եմ ասում` եկեք գոնե ապրիլի 1-ին ճիշտ խոսենք՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ