Ազգային ժողովում քննարկվում է ՛՛ֆեյքերի՛՛ օրենքը
Ազգային ժողովում այսօր կազմակերպվել են ՛՛ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի քննարկում: Հիմնական զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը իրենից ներկայացնում է երկու հիմնանական հարցադրում՝ առաջինը լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանություններն են, որոնք վիրավորական, զրպարտչական բնույթի են, երկրորդն էլ՝ անհայտ աղբյուրի հետ կապված որոշակի կարգավորումներն են:
Առաջինի հետ կապված պատգամավորը շեշտեց, որ մեկնաբանությունների հետ կապված կարգավորումը նախատեսելու առիթը եղել է Դելֆին ընդդեմ էստոնիայի գործի հետ կապված որոշումը: Ըստ նրա՝ իրենց կողմից առաջարկած կարգավորումը ավելի մեղմ է, քան գործի որոշումը:
Նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունների միջազգային փորձին անդրադառնալով՝ նա նկատեց, որ միջազգային պրակտիկայում առկա կարգավորումները ամփոփելով կարելի է առանձնացել չորս հիմնական կոնցեպտ: Առաջին կոնցեպտը խիստ պատասխանատվության մոդելն է, երբ համացանցային միջնորդները, ԶԼՄ-ն, պարտավոր են ակտիվ վերահսկողություն իրականացնել լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունների համար:
Երկրրորդ կոնցեպտը, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, ապահով ապաստարանի ռեժիմն է, որը ընդունված է ԵՄ տարածքում, որի հիմնական շեշտադրումը ծանուցել և հանել սկզբունքն է, որն ընկած է նաև ներկայացվող նախագծի կարգավորումների հիմքում: Երրորդ կոնցեպտը վերաբերում է այլ անձանց կողմից ստեղծված նյութի համար ամբողջովին պաշտպանվածության:
Նա ընդգծեց, որ ԱՄՆ դատական պրակտիկան ցույց է տալիս, որ լրատվամիջոցը պատասխանատու չէ այլ անձանց կողմից ստեղծված նյութի համար այնքան ժամանակ, քանի դեռ չի միջամտում այդ նյութին: ՛՛Չնայած այս ընդհանուր մոտեցմանը, ԱՄՆ-ում ամրագրվել են նաև հետաքրքիր մոտեցումներ: 2013 թ. սեպտեմներին ԱՄՆ Վիրջինիայի դաշնային վերաքննքիչ դատարանը փոփոխել է ստորադաս դատարանի որոշումը և ֆեյսբուքում լայք նշանը համարվել է իսկական խոսք: Այսինքն՝ լայք անելը ինտերնետում նույնն է, ինչ քաղաքական պաստառ բացես մեկի տան դիմաց: Սոցցանցերում որոշակի դիրքորոշում արտահայտելը նույնացվում է իրական կյանքում արտահայտած դիրքորոշման հետ՛՛,- հավելեց նա: