Ձնամաքրման աշխատանքներ են ընթանում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
Տեղացած աննախադեպ առատ ձյան հետեւանքների վերացման` վաղ առավոտից մեկնարկած աշխատանքները չընդհատվող ռեժիմով շարունակվում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Առաջնահերթ ուշադրություն է դարձվում գլխավոր եւ երկրորդական փողոցներում անխափան երթեւեկության ապահովմանը: Մաքրման աշխատանքներում քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ ներգրավված են բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղերում աշխատանքների ընթացքը համակարգում են վարչական շրջանների ղեկավարները: Ձնամաքրման աշխատանքներին համապատասխան տեխնիկայով օժանդակում են շինարարական մի շարք կազմակերպություններ: Աշխատանքներում ներգրավված է շուրջ 90 միավոր հատուկ տեխնիկա: Զուգահեռաբար ընթացքում են փողոցներն աղի եւ ավազի խառնուրդով մշակելու աշխատանքները:
Մայրաքաղաքի բոլոր փողոցները երթեւեկելի են:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն