Աննա Հակոբյանը շատ է կարոտում. Հայկական Ժամանակ
1in.am-ի ուղիղ եթերի երեկվա հյուրը առաջին տիկին Աննա Հակոբյանն էր: Զրույցը սկսվեց այն հարցով, թե ինչպես են անցկացնում օրվա ավարտը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Ա. Հակոբյանը նշեց, որ իրենք վաղուց որղեգրած սկզբունք ունեն՝ տանը աշխատանքային հարցեր չեն քննարկում: Պարզվեց չեն քննարկել նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների տապալումը, այդ մասին տանը անգամ մեկ բառ չի փոխանակվել:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ է ունեցել ինքը հեղափոխությունից, Աննա Հակոբյանը պատասխանեց.
«Ես չգիտեի, որ հեղափոխություն է լինելու, ու ոչ ոք չգիտեր: Սակայն որ ինչ-որ բան կփոխվի, կլինի, ես վստահ էի, որովհետեւ ես ճանաչում եմ իմ ամուսնուն: Անգամ երբ իմ ընկերների հետ քննարկում էի, ասում էին՝ մարդիկ չեն հավատա եւ այլն, ես ասում էի, որ դուք պարզապես չեք ճանաչում իմ ամուսնուն, եթե նա շարժում է սկսել, անպայման իր հետեւից կգնան, ինչ-որ բան կփոխվի»:
Աննա Հակոբյանը հարցազրույցի սկզբում ի պատասխան Նվեր Մնացականյանի հարցի, թե ով է գրում իր ելույթները նշեց, որ ինքն է գրում իր բոլոր ելույթները, առանց բացառության:
Խոսվեց նաեւ տարատեսակ հարցազրույցների, հանդիպումների ու այցերի մասին, ինչի հետ կապված Աննա Հակոբյանը մի հարցի շուրջ պարզաբանում ներկայացրեց օգտվելով առիթից.
«Այցերի հետ կապված ուզում եմ օգտվել առիթից ու մի պարզաբանում ներկայացնել, վերջերս այց եմ ունեցել Արթիկ, ջերմոց, որտեղ աշխատում են միայն կանայք մոտ 70 կին, եւ դա ինձ հետաքրքրեց, ու հենց դա եղավ պատճառ, որ ես այցելեմ Արթիկ:
Հիմա պարզվում է, որ իմ այցը ընտրությունների հետ են կապել, եւ այլն, ես այստեղ գալուց առաջ եմ իմացել այղ մասին եւ ուզում եմ առիթն օգտագործել ու նշել, որ ես այդ ամենի հետ կապ չունեմ, իմ այցը ընտրությունների հետ կապ չունի: Իմ գործունեությունն առհասարակ հեռու է քաղաքական օրակարգից»,- նշեց վարչապետի տիկինը հավելելով, որ ամենից շատ հեռու է վարչապետի քաղաքական օրակարգից ու ինքն ամենից շատ կարոտում է «Հայկական ժամանակը», որտեղ ավելի շատ էր տեղյակ քաղաքականությունից, քան հիմա:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: