23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

1999թ. հոկտեմբերի 27-ից մեկ ամիս անց այդ հարցը տվել եմ Ռոբերտ Քոչարյանին. Արամ Սարգսյան

«Այն բոլոր վարկածները, որոնք ժամանակին առաջ են քաշվել, չեն հերքվել, առավել ևս՝ պատվիրատուի վարկածը, որի երկու տարբերակ կա՝ ներսի և դրսի պատվիրատու, երկուսից որևէ մեկն էլ չի հերքվել»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի գործի մասին։

Արամ Սարգսյանի խոսքով՝ երկրին հասցված վնասի առումով Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը որոշակի նմանություն ունեն, բայց Մարտի 1-ի բացահայտման գործընթացը, ըստ նրա՝ անհամեմատ ավելի դյուրին է, քան Հոկտեմբերի 27-ինը։ «Հոկտեմբերի 27-ի բացահայտումը հնարավոր կդառնա այն ժամանակ, երբ երկիրն ամուր ոտքերի վրա կանգնած կլինի, հունի մեջ ընկած կլինի երկրում գործող կառավարությունը։ Ես անձամբ արտաքին քաղաքական միջամտության վարկածն ավելի հնարավոր եմ համարում, իսկ այդ պարագայում շատ զգույշ պետք է մոտենանք այդ խնդրին։ Քենեդիների սպանության խնդիրն էլ ԱՄՆ-ը մինչև հիմա չի բացահայտել, որովհետև դա կարող է երկրի անվտանգությանը վտանգ սպառնալ։ Այս խնդիրները կան բոլոր երկրներում, բայց գոնե պետությունն իր նե րսում պետք է իմանա, թե որտեղից է այդ վտանգը, ինչ ռիսկեր կան»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նաև զոհերի հարազատները պետք է իմանան, որ դա բացահայտված է, ուղղակի որոշակի վտանգներից ելնելով՝ չի հրապարակվում»։

«Դեռ 1999թ. հոկտեմբերի 27-ից մեկ ամիս անց այդ հարցը տվել եմ Ռոբերտ Քոչարյանին, ասել եմ՝ եթե կա արտաքին քաղաքական որևէ հանգամանք, որը խանգարում է գործը բացահայտելուն, ու դա կարող է պետությանը վնաս հասցնել, ասեք՝ ես իմանամ ու կողք կանգնեմ։ Ասաց՝ չկա ավելի կարևոր բան, քան այդ գործը բացահայտելը, կազմակերպիչներ չկան, այդ 5 հոգին են։ Ամբողջ դատավարությունն այդպես էլ գնաց՝ մնացած վարկածները չստուգելով ու չհերքելով»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ երբ երկրում խաղաղ իրավիճակ լինի, նոր իշխանությունները Հոկտեմբերի 27-ի բացահայտման խնդիրը կդնեն. «Վազգեն Սարգսյանը մարդ էր, որը մտածեց, որ 3 միլիոնանոց Հայաստանը կարող է հաղթել 6 միլիոնանոց Ադրբեջանին, հավատաց դրան, ու մենք հաղթեցինք։ Վազգեն Սարգսյանը հավատում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու, և շատ կուզենամ, որ մենք՝ այսօրվա իշխանությունները, կարողանանք այդ պատգամն իրականություն դարձնել. սա կլինի Հոկտեմբերի 27-ի ամենալուրջ բացահայտումը։ Իսկ դրա համար պետք է գնանք պարզ ու ճշմարիտ մեկ ուղով՝ իրար չբաժանենք սևերի և սպիտակների, մրցակցենք իրար հետ գաղափարներով, ոչ թե ինքնասիրահարվածությամբ և մեծամտությամբ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ