26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրականում ինչ է «Նոր Հայաստանը». Հայոց աշխարհ

Հայաստանում յուրաքանչյուր իշխանափոխությանն ուղեկցող պատգամավորների փախուստների կամ, այսպես կոչված, առնետավազքերի պատմությանը շատ անդրադարձեր են եղել, սակայն մինչ օրս ոչ ոք դասեր չի քաղել հիշյալ տխուր իրողությունից։  

Իսկ երբ վերջին օրերին իշխանությունները Ազգային ժողովի գործարար պատգամավորների հետ «զրույցների» միջոցով իրականացվող բացահայտ ճնշումներով սկսեցին հովանավորել ու քաջալերել այս արգահատելի երեւույթը, բոլորը համոզվեցին, թե իրականում ինչ է «Նոր Հայաստան» կոչվածը։   

Մեզանում մինչ օրս կային միամիտներ, որոնց թվում էր, թե առնետներն ու ճամբար փոխելու նրանց վազքը հատուկ է եղել միայն Հին Հայաստանին։ Բայց հանուն նրա, որ Ազգային ժողովի ընտրությունները կայանան այս տարի, ներկայիս կառավարության առաջին դեմքերը ոչ միայն իջան Հին Հայաստանում արձանագրված այս արգահատելի երեւույթի ճարտարապետների մակարդակին, այլեւ գերազանցեցին նրանց։ 

Հիշեցնենք, որ առնետավազքերի պատմությունը սկիզբ է առել 1988-1990 թվականներից, երբ ՀՀՇ-ն սկսեց խրախուսել կոմունիստական վարչակարգի այն բոլոր դեմքերի ճամբարափոխությունը, ովքեր միանում էին Շարժմանը՝ դավաճանելով իրենց իբր թե դավանած կոմունիստական գաղափարներին։ Բայց դա դեռ կարելի էր հասկանալ, քանի որ դասական առումով կոմունիզմը մեզանում ավելի վաղ էր մահացել՝ դեռեւս 1960-ականների խրուշչովյան «հալոցքի» շրջանում։   

Սակայն այն սապատավոր կենդանին, որի վրա բարձրացավ ՀՀՇ-ն իշխանության ղեկին օր առաջ տիրանալու համար, մոտ 10 տարի անց չոքեց նաեւ իր դռանը։1998-ի փետրվարի 3-ին տեղի ունեցած Տեր-Պետրոսյանի հրաժարականի հաջորդ օրը պարզվեց, որ ՀՀՇ-ի գործարար ու բյուրոկրատ դեմքերի զգալի մասը մի գիշերում Երկրապահ են դարձել, որից մինչեւ Հանրապետականը ընդամենը մի քայլ էր մնացել։ Ընդ որում՝ երբեմն Երկրապահ էին դառնում մարդիկ, ովքեր կյանքում զենք չէին տեսել։   

Դրա հետեւանքով ՀՀՇ-ում հիմնականում մնացին Տեր-Պետրոսյանի մերձավորները, որոնք հետագայում դիմափոխվեցին՝ վերածվելով Հայ ազգային կոնգրեսի։  

Իշխող Հանրապետականի դեմ պայքարի ելած ներկա իշխանավորները օրնիբուն ազդարարում էին, որ իրենք նպատակ ունեն երկիրն ազատագրել քրեաօլիգարխիայից, որի տակ հիմնականում հասկանում էին պատգամավոր դարձած գործարար խավին, այսինքն՝ այսօրվա իրենց կլիենտուրային։ Ու քանի որ այսօր հենց իրենք են դրդում նույն քրեաօլիգարխիային դավաճանել սեփական կուսակցությանը եւ անցնել «Ելքի» կողմը, ապա կարող ենք եզրակացնել, որ նրանք կա՛մ արդեն մոռացել են իրենց խոստումները, կա՛մ էլ հենց իրենք են բռնել քրեաօլիգարխիայի վերածվելու ճանապարհը։   

Թե առաջիկայում ինչ ձեւ կընդունի «Ելքի» մեջ մուտք գործելու քայլին պատրաստ բազմափորձ առնետների ու նոր իշխանության համագործակցությունը՝ ցույց կտա ժամանակը։ Բայց եթե դա տեղի ունենա «Ելքին» անմիջականորեն անդամագրվելու տեսքով, ապա հարկ կլինի այն անվանափոխել «Մուտքի»։  

Երեւանի քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ հայտնի օլիգարխիկ դեմքերի կողմից որդեգրված՝ իշխանության թեկնածուին ձայներ բերելու տարբերակը վկայում է, որ նրանք արդեն «Ելքի» հավատարիմ զինվորներն են դարձել։  

ՀՀԿ-ն զրկվելով իր պատգամավորների մի մասից՝ այսօր բռնել է ինքնամաքրման ճանապարհը, իսկ ահա նրանց գողացած «Ելքը» հայտնվել է նախորդներին «հասնելու եւ անցնելու» հեռանկարի առաջ։ Առջեւում խորհրդարանական ընտրություններն են, որոնց ընթացքում դեռ կարելի է հույս ունենալ Ն.Փաշինյանի բարձր վարկանիշի վրա, բայց դա ժամանակավոր լուծում է, քանի որ երկրի տնտեսությունն անկում է ապրում, արտաքին կացությունն՝ օրեցօր բարդանում է, իսկ կրթության ու մշակույթի բնագավառներում փաշինյանականներն այնպիսի խառնաշփոթ են ստեղծել, որ արդեն գերազանցել են 1990-ականների բլեյանականներին։  

Կարծում ենք, բացահայտ շանտաժի միջոցով իրականացված վերջին պատգամավորագողությունը գործի միայն սկիզբն է։ Դրան հաջորդելու է դատավորագողությունը, այսինքն՝ իրավապահ ու դատական համակարգի համալրումը այնպիսի առնետներով, որոնք քաղաքական նոր իրավիճակին համընթաց արագ մուտացիաների են ենթարկվում։  

Գործադիր, օրենսդիր ու դատական իշխանության կենտրոնացումը մեկ անձի ձեռքում խոստանում է ստեղծել մի այնպիսի մենիշխանություն, որի համեմատ մեր նախորդ նախագահների կառավարումը շատ ավելի ժողովրդավարական է լինելու։  

Պատճառն այն է, որ նախորդ տասնամյակներում Հայաստանում գոյություն ունեցող, այսպես կոչված, կառավարելի ժողովրդավարությունը բնորոշ էր հետխորհրդային բոլոր այն երկրների իշխանավորներին, որոնք արտաքին ու ներքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերի մտադրություն չունեին։ Նրանք փորձում էին սոսկ վերահսկելի դարձնել անցումը մեկ կացութաձեւից մյուսին, ուստի սեփական իշխանության ամրապնդումը դիտում էին իբրեւ հանգրվանային գործընթաց, ինչը չի կարելի ասել Հայաստանի նոր իշխանությունների մասին։  

Ն.Փաշինյանը արմատական է իր էությամբ եւ, որպես կտրուկ քայլերի կողմնակից, ցանկանում է ոչ թե կառավարելի կամ վերահսկելի դարձնել համակարգը, այլ ստեղծել մի բռունցք, որը տեսանելի ապագայում ջախջախելով հինը՝ դրանից հետո փոխարինելու է նաեւ իրեն իշխանության բերած փողոցին։ Դա սկզբում ենթադրում է անցում կառավարելի ժողովրդավարությունից դեպի փողոցի իշխանություն եւ ապա՝ այնպիսի բացահայտ մենիշխանության հաստատում, որն ի վիճակի է զսպել փողոցի մեծացող ախորժակները։  

Ամեն գնով 2018 թվականի դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու Հայաստանի նոր իշխանությունների ցանկությունը վկայում է, որ նրանք սուր կերպով զգում են դեռեւս իրենց հետեւից գնացող փողոցային գործիչների ակտիվ մասը պալատներ տեղափոխելու կարիքը։   

Դրանից հետո տեղի կունենա հին ու նոր պաշտոնեության համախմբումն ընդդեմ խաբված փողոցի եւ նոր համակարգի արագ փոխակերպումը բացահայտ մենիշխանության: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ