Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն նորից կուսումնասիրի 2017թ. Մորդովիայի գաղութում գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, գրում է kommersant.ru-ն՝ հիշեցնելով, որ Հայրապետյանը դատապարտվել էր խարդախության համար:
Հայտնի է, որ նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին Մոսկվայից եկած երկու տղամարդ Հայրապետյանին գաղութի աշխատակիցների միջոցով դեղեր են փոխանցել: Հաջորդ օրն ազատազրկվածն ընդունել է այդ դեղերն ու կարճ ժամանակ անց մահացել: Այդ մասին պատմել է հանգուցյալի փաստաբան Կարեն Ներսեսյանը:
«Մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել էր Հայաստանում գտնվող եղբորն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին՝ տեղեկացնելով, որ իրեն թունավորել են»,-պատմել է Ներսեսյանը:
«Ինձ թունավորել են, մինչև առավոտ չեմ ապրի: Առանց դիահերձման ինձ չհուղարկավորեք»,-Հայրապետյանի ասածը ներկայացրել է փաստաբանը:
Սակայն գաղութի բժիշկներն արձանագրել են, որ մահը վրա է հասել սրտային անբավարարության հետևանքով:
Ներսեսյանը չի բացառում, որ Հայրապետյանի թունավորմանը կարող են առնչություն ունենալ բարեկամները:
«Հայրապետյանի ժառանգության ընդհանուր չափն առնվազն 100 մլն դոլար է՝ այդ թվում նաև անշարժ և շարժական գույքը: Եթե Լևոնը բանտից դուրս գար, ապա ընտանիքում կոնֆլիկտային հարաբերությունների պատճառով ինչ-որ մեկը կարող էր զրկվել ժառանգության իրավունքից, ինչը, իհարկե, նրանց շահերից չէր բխում»,-իր տեսակետը հայտնել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Հայրապետյանի հարազատները պահանջում են, որ դիահերձման արդյունքում օրգանիզմից հանված օրգանները, որոնք դեռևս պահվում են, նորից անալիզի ենթարկվեն՝ այս անգամ արդեն Մոսկվայում, որպեսզի հնարավոր լինի պարզել մահվան պատճառը:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017թ.՝ անազատության մեջ: Ռուսաստանում հայազգի գործարարին մեղադրանք էր առաջադրվել իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700.000 դոլար վերցնելու համար։ Ինքը` Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները:
Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո։ Բացի այդ, գործարարը մեղադրվում էր Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրին պատկանած ձեռնարկությունների ունեցվածքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։