28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Հավասարեցնել բժշկին ամենավերջին մարդասպանին` ճիշտ չէ”

Աբովյանի ծննդատան բժիշկ-անեսթեզիոլոգը կալանավորվել է, նա մեղադրվում է ծննդկանի և երեխայի մահվան համար:

“Բժշկական ազատ-անկախ արհմիություն” ֆեյսբուքյան խմբի անդամներն այսօր հրավիրած ասուլիսում դիմեցին ՀՀ նախագահին, վարչապետին, առողջապահության նախարարին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին` միջնորդելով փոխել  բժշկի խափանման միջոց կալանքը` չբացակայելու ստորագրությամբ, մինչև վերջնական դատավճիռը:

“Հասկանում ենք ծննդկանի` Ֆլորա Աբգարյանի հարազատների կորուստը և խիստ ցավում ենք այդ անդառնալի կորստի համար”,- նշեց խմբի անդամ արյունաբան Գևորգ Թամամյանը:

Բժիշկներն իրենց խոսքում նշեցին, որ ձերբակալել մարդկանց, ովքեր ամբողջ կյանքը փրկում են ուրիշների կյանքը, հավասարեցնել բժշկին ամենավերջին մարդասպանին` ճիշտ չէ: Նրանք անդրադարձան միջազգային փորձին` նշելով, որ աշխարհում բժշկական սխալի վերաբերյալ գործում է երկու մոտեցում` անհատական և համակարգային:

Անհատականի դեպքում բուժաշխատողներն ունեն բժշկական սխալի ապահովագրություն: Ամեն ամիս իրենց աշխատավարձից որոշակի գումար հատկացնում են այդ ապահովագրությանը:  Իսկ  բժշկական սխալ տեղի ունենալու դեպքում ապահովագրական ընկերությունն է զբաղվում դրանով:

Ինչ վերաբերում է համակարգային մոտեցմանը, ապա այդ դեպքում բժշկական սխալը ոչ թե բարդվում է բժշկի կամ բուժաշխատողի վրա, այլ փորձում են գտնել համակարգի բացերը` դրանով նպաստելով հետագայում նման դեպքերի բացառմանը:

“Մինչդեռ Հայաստանում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն` եթե բժիշկը ոչ պատշաճ է կատարում բժշկական օգնությունը, եթե նրա անզգույշ վերաբերմունքի արդյունքում տեղի է ունենում մահ, ապա սահմանվում է  2-6 տարի ազատազրկում”,- նշեց արյունաբան Գևորգ Թամամյանը:   Հաշվի առնելով վերը նշվածը և միջազգային փորձը` բժիշկները կոչ են անում ԱԺ պատգամավորներին փոխել գործող օրենքը:

“Մի՞թե  30 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկը, ով փրկել է հարյուրավոր կյանքեր, վտանգ է ներկայացնում հասարակության համար և նրան պետք է փակել ճաղերի ետևում ամենավերջին հանցագործի հետ միասին”,- իր մտահոգությունը հայտնեց  բժիշկ-արյունաբան Լուսինե Հակոբյանը:  Նախաձեռնության անդամների կարծիքով՝ ցանկացած բժշկական դժբախտ ելք պետք է հաջորդվի փաստերի լիարժեք և անաչառ քննումով:

“Պետք է լիարժեք ուսումնասիրվեն բոլոր հանգամանքներն ու պատճառները. արդյոք բժիշկն իր ձեռքի տակ ունեցե՞լ է բոլոր սարքավորումներն ու դեղերը, ի՞նչ պայմաններում է աշխատել, ի՞նչ ժամային գրաֆիկով… “:

Աբովյանի ծննդատան բժիշկ-անեսթեզիոլոգի գործի առնչությամբ բժիշկները դատարանին հորդորում են կատարել անաչառ քննություն և եթե նույնիսկ ապացուցվի բժշկի սխալը, կիրառել համեմատաբար մեղմ պատիժ` բացառելով ազատազրկումը: Նույնը նրանք հորդորում են կիրառել նաև այլ ազատազրկվածների նկատմամբ:

«Մենք կոչ ենք անում վերացնել բժշկին ձերբակալելու պրակտիկան մինչև վերջնական դատավճիռը: Թող զրկեն լիցենզիայից կամ այլ պատիժներ սահմանեն, բայց չձերբակալեն”,- ասաց բժիշկ-նյարդաբան Արմեն Գալստյանը:

Նյութը` “Փաստինհո”-ի

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ