Զինվորին նախ դաժանաբար ծեծել, հետո սպանել են. Ժամանակ
Հոկտեմբերի 1-ին մահացու հրազենային վիրավորում ստացած շարքային Գեւորգ Հարոյանի ծնողների պնդումները ճիշտ էին՝ իրենց որդու նկատմամբ բռնություն է եղել: Ծնողների վարկածը հաստատեց նաեւ նախաքննական մարմինը:
Գեւորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Գեւորգ Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, Մարտունու զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 21 -ամյա Գեւորգ Հարոյանը վաշտի զինանոցում կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում եւ մահացել:
Ծնողները դեպքից հետո թերթի հետ զրույցում էլ պնդել էին, որ իրենց որդին ոչ մի պարագայում չէր կարող ինքնասպան լինել: Նրանց պնդմամբ՝ Գեւորգին նախ դաժանաբար ծեծել, հետո սպանել են: Մայրը որդուն դեպքից մեկ օր առաջ էր տեսակցել: Մարտունի էր գնացել որդու կանչով: Գնալուց նկատել էր որդու վրա կապտուկներ, սպիներ, բացի դրանից՝ որդին վախվորած էր եղել, առանց զինվորական հագուստի, առանց զինվորական կոշիկների, ընդամենը մի հին շորով՝ պատճառաբանելով, որ գողացել են իր ունեցածը:
Փաստորեն, ծնողների վարկածը հիմնավորվել է, եւ Գեւորգ Հարոյանի գործով արդեն երկու ձերբակալված անձ կա: Գործով նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: