23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունը տալիս է խոստումներ և վախեցնում է ուրվականներով, բայց առայժմ չի կարողանում անգամ մայրաքաղաքի փողոցներով հոսող աղբի աղբահանությունը կազմակերպել

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արտաշես Շահբազյանը «Դրօշակ» թերթում իր մտահոգություններն է արտահայտել ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ:

«Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ մտահոգությունների տեղիք պետք է տա՝ պետական շահի տեսանկյունից: Պետական համակարգը, բոլոր պարագաներում, որոշակի տրամաբանությամբ գործող կառույց է եւ այն ցնցումների ենթարկելը կամ կավե թաց առարկայի պես ձեւափոխելու փորձերը կարող են երկիրը երկարատեւ քաոսի մեջ նետել, ինչը մեծ շռայլություն կլինի մեր պես հիմնախնդիրներ ունեցող երկրի համար:

Հեշտ է հասարակությունը բաժանել սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների եւ նշանակել վիճակի մեղավորներ, դավաճաններ, անմեղներ ու հերոսներ, բայց սա պարզունակ ամբոխավարություն է նշանակում, որ կենսունակ կարող է լինել թերեւս մի որոշակի ժամանակահատված:

Ելնելով այն ճշմարտությունից, որ բոլորը կամ առնվազն մեծամասնությունը ձգտում է երկրի արմատական բարեփոխումների, կարելի է անդրադառնալ, թե մոտեցումների տարբերությամբ պայմանավորված նախաձեռնություններն ու դրանցից բխող իրադարձությունները որքանով են հաշվարկված եւ ինչպիսի արդյունքների ու հետեւանքների կարող են հանգեցնել:

Հայաստանը մեծ փոփոխությունների ընթացքի մեջ է եւ գայթակղություն կա ավելի արագ ու կտրուկ դարձնել այդ փոփոխությունները: Ընդ որում, որպես լոկոմոտիվ, օգտագործելով զանգվածային էյֆորիայի այն վիճակը, երբ բանականության փոխարեն առաջնորդում են հույզերն ու զգացմունքները, երբ որպես դատողությունների հիմք է ընդունվում ոչ թե կոնկրետ իրականությունը, այլ հրամցվող տեսակետները:

Սրա մեկ վառ օրինակն էլ մայրաքաղաքի ավագանու ընտրություններն էին, որոնց ժամանակ 81% հավաքեց պետական-քաղաքական եւ վարչական մեկ օրվա փորձ չունեցող թեկնածուն:

Այս իրադարձությունից առավել ոգեւորված վարչապետը հասարակությանը ներարկում է այն թեզը, թե երկրի տեղում դոփելու եւ առաջընթացը խոչընդոտող պատճառը գործող խորհրդարանն է: Տեսածին ու ոչ հրամցվածին հավատացող յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ նոր իշխանությունների հաղթանակի օրերից սկսած, խորհրդարանական ուժերը ոչ մի խոչընդոտ չեն ստեղծել վարչապետի ու իր թիմի առջեւ՝ իրականացնելու իրենց ծրագրերը:

Ավելին, հստակ խոստում է տրված, որ երբ օրենսդրական ցանկալի հիմքերի ձեւավորմամբ երկիրը պատրաստ կլինի ընտրություններին, վերջիններս, համապատասխան ընթացակարգով, ճանապարհ կբացեն գործող խորհրդարանի լուծարման եւ նորի ձեւավորման համար:

Այս դեպքում շահագրգիռ ամեն մարդ պետք է փորձի հասկանալ, թե ինչով է պայմանավորված հապշտապ համապետական ընտրություններ անցկացնելու ցանկությունը:

Երկրում ստեղծված իրական վիճակն այն է, որ ցայսօր գոյություն չունի տնտեսական զարգացման մոտակա կամ հեռահար ծրագիր ու ուղենիշ, տարվա ամենաակտիվ սեզոնում արաձանագրվել է զգալի գնաճ, ինչը սպառնում է անապահով մեծամասնության ուսերին առավել ծանր բեռ դառնալ ձմեռվա ամիսներին:

Կառավարության ներկայացրած հաջորդ տարվա բյուջեյով փաստվում է, որ 2019-թվականին չեն լինելու աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների եւ այլ սոցիալական ծրագրերի համար նախատեսվող բարձրացումներ: Հավանական չեն գազի ու էլեկտրաէներգիայի համար խոստացված վարձերի նվազեցումը եւ երեւի գոհ պետք է լինենք եթե դրանք չաճեն:

Փորձենք, ի դեպ, խորհել մի հետաքրքիր իրողության շուրջ. իշխանությունը, ամեն առիթով, հայտարարում է, թե կոռուպցիան երկրում վերացված է: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ հնարավոր չդարձավ պաշտոնապես արձանագրված 50% ստվերային տնտեսությունից զգալի միջոցներ դուրս բերել եւ մտցնել բյուջե:

Այս ամենի փոխարեն հասարակությանը շարունակում են կերակրել կոռուպցիոն բացահայտումներով, կամ ավելի շուտ սենսացիոն մեղադրանքներով: Մեղադրանքներ, որոնց հիման վրա, անորոշ հեռանկարով, շարունակում է բանտարկության մեջ գտնվել մեկ մարդ՝ Մանվել Գրիգորյանը, նոր իշխանությունների գոծունեության հինգերորդ ամսից հետո:

Ամեն սառը դատող մարդ կարող է իր համար եզրակացությունների հանգել. այն, որ թե ներսի եւ թե դրսի ներդողները ցայսօր չեն ցանկանում ներդրումներ կատարել խորհրդարանի խափանարարությա՞ն հետեւանքն է, թե՞ երկրի տնտեսական տեսլականների անորոշության, վաղվա օրվա նկատմամբ անվստահության, երբ ներհասարակական-ներքաղաքական կյանքը գտնվում է բարձր լարվածության մեջ, աճում է անհանդուրժողությունը, որի քավության նոխազը կարող են դառնալ չակերտավոր հեղափոխականների եւ չակերտավոր հակահեղափոխականների բանակները:

Ինչն է ստիպում օր առաջ ընտրությունների անցակացման համար գնալու այնպիսի ծայրահեղ, եւ բռնապետություններին հարիր քայլի, ինչպիսին է գործադիր իշխանության կողմից ժողովրդին հանելը օրենսդիր իշխանության դեմ եւ խորհրդարանականներին պաշարելով նստել նրանց հետ բանակցությունների: Նույնն է թե պատերազմական գործողություններ ծավալելով միաժամանկ դիմացինին բանակցություններ պարտադրել:

Ի՞նչն է պետության եւ հենց իշխանության վարկին լուրջ հարված հասցնող այս արտառոց քայլերի պատճառը, եթե չկա փաստ, որ խորհրդարանը չի ընդառաջում վարչապետի ցանկացած նախաձեռնության:

Վարչապետը եւ իր թիմը շատ լավ հասկանում են, որ սենսացիոն բացահայտումներից զատ ժողովուրդը մոտ ապագայում պահանջելու է իր վիճակի բարելավմանը ուղղված կոնկրետ իրագործումներ: Իշխանությունը գիտակցում է, որ ամբոխային էյֆորիան մի օր մարելու է եւ ինչպես մի քանի անգամ, նախորդող տարիներին պատահել է, բարձր վարկանիշները կարճ ժամանակում կարող են մերձենալ զրոյին:

Երիտասարդ իշխանությունը տալիս է խոստումներ եւ վախեցնում է ուրվականներով, բայց առայժմ չի կարողանում անգամ մայրաքաղաքի փողոցներով հոսող աղբի աղբահանությունը կազմակերպել: Գալու է չէ՞ օրը, երբ անվերապահ համախոհների ու համակիրների զանգվածները նայելու են ոչ թե ժողովրդական հռետորների բերաններին, այլ իրենց շուրջը եւ գրպանի պարունակությանը:

Առկա ու հնարավոր դժվարությունները հաղթահարելու ձգտումով հապշտապ ընտրություններ անցկացնելու իշխանության հաշվարկները ենթադրում են քանի տաք է մայրաքաղաքային ընտրությունների մթնոլորտը նման մի տոկոս էլ «խփել» ողջ հանրապետությունում: Ոչ ոք թող չկասկածի, որ միակուսակցական համակարգի ձեւավորումը, ոչ երկար ժամանակ անց, բերելու է այն նույն հետեւանքներին ինչ լինում է միշտ եւ ինչ մեր մաշկի վրա զգացել է հենց մեր սերունդը:

Եթե իշխանությունը չսովորի արդյունավետ կառավարել երկիրը նա անընդհատ մեղավորներ ու թշնամիներ է փնտրելու: Այսօր այդ «մեղավորը» խորհրդարանն է, երբ վաղը նա չի լինի մեղավորներ են դառնալու իշխանության տարբեր օղակներում գործող «սեւեր», նրանց չեզոքացնելուց հետո մեղավոր է նշանակվելու «հակահեղափոխական ընդդիմությունը» եւ այդպես շարունակ: Եւ այս վտանգավոր անկումը շարունակվելու է եթե դուրս չգանք զանգվածային հոգագարության ու ատելության վիճակից, եթե կրկին հասարակությունը չմիավորվի եւ երկրի ողջ կարող ներուժը չլծվի համախոհաբար երկիրը ճգնաժամի ուղուց զարգացման մայրուղի փոխադրելու գործին:

Վերջում ցանկանում եմ ասել, որ վերը շարադրված դատողությունները ինչչ-որ մեկի դեմ չէին, այլ հանուն, խորհրդարանի պես, բոլորիս պաշարած մտահոգությունների հաղթահարմանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ