Կուտակայինի ճակատագիրը կարժանանա խորհրդային բանկերում տաս միլիարդի խնայողություններ կորցնելու վիճակին. Կոմկուսի ղեկավար
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/download_(1)_1395737140.jpg)
Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց կոմունիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական ուժերի, սոցիալ-տնտեսական վիճակի մասին:
“Նախորոք ես ասեմ , որ խայտառակ վիճակ գոյություն ունի: Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ բնակչությունը հիմնականում քաղցած է: Ներդրումներ չեն արվում, շուրջ 200 հազար մարդ երկրից հեռացել է: Պետությունը ունի 5 միլիարդից ավելի արտաքին պարտք”,-նշեց ընկեր Սարգսյանը՝ հավելելով.
“Անալիզ անելով համապատասխան մարմինների կողմից տարվող քաղաքակնությունը՝ ես արել եմ բավականին լուրջ անալիզ: Առաջինը, որին ուզում եմ անդրադառնալ, դա պարտադիր կուտակային կենսաթոշակի օրինագիծն է:Կուտակայինի ճակատագիրը կարժանանա 1989 թվին բնակչության կողմից տաս միլիարդի խորհրդային բանկերում խնայողություններ կորցնելու վիճակին”:
Կոմկուսի կենտկոմի քարտուղարը նկատեց, որ Հայաստանի կոմկուսը ողջունել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը՝ Մաքսային միությանը միանալու մասին:
“Ես պետք է ասեմ, որ Մաքսային միության մեջ մտնելով՝ լուծվում է երեք կարևոր հարց. առաջինը ազգի անվտանգության խնդիրն է: Մենք յոթանասուն տարի ՍՍՀՄ կազմում ենք եղել և հիմա մեր տնտեսական կապերը խզվել են, դա հնարավորություն կտա, որ այդ կապերը վերականգնվեն”:
Սարգսյանը հավաստեց, որ այսօր հանրապետության ամենաընդդիմադիր քաղաքական ուժը հանդիսանում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը իր առջև խնդիր է դրել, ոչ միայն քննադատել իշխանություններին, այլ նաև փորձել նրանց ուղղորդել, որ շտկեն թերությունները:
Սարգսյանը նշեց նաև, որ այս պահին նախագահի հրաժարականը պահանջելը նպատակահարմար չեն գտնում, քանի որ ՛՛մաքսային միության անդամակցության լուրջ հարցն է պետք ավարտին հասցնել՛՛:
Ինչ վերաբերվում է կուսակցության ակտիվությանը, ապա Սարգսյանը նշում է, որ իրենց լավագույն գործընկերը ժողովուրդն է և կոմունիստական կուսակցությունը միշտ էլ ժողովրդի կողքին է: