23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատգամավորներն ասացին՝ անկախ հուշագրից, չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Փաշինյան

Ազգային ժողովի ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցություններն ասացին, որ ընկալում են ժողովրդի ուղերձը, հարգանքով են վերաբերում դրան եւ անկախ հուշագրից՝ չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ երկրորդ փուլում վարչապետի թեկնածու առաջադրել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2–ին, պատգամավորների հետ բանակցություններից հետո ԱԺ բակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասացինք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է հաստատված, եւ այդ քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարենք։ Որպես տարբերակ՝ ես ասացի, որ ես առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից, ակնկալում եմ, որպեսզի Հանրապետական կուսակցությունն ու խորհրդարանն ավելի չգրգռեն մարդկանց, որովհետեւ եթե ես հրաժարական տամ, եւ այդ խմբակցություններն առաջադրեն վարչապետի թեկնածու, տեսականորեն նույնիսկ կարող են ընտրել որևէ մեկին վարչապետ, բայց պետք է գիտակցեն, որ դա մարդկանց մոտ ռեակցիա է առաջացնելու։ Ասացի, որ դա խելացի սցենար չի լինելու, մարդկանց մոտ կառաջացնի վատ արձագանք, մեղմ ասած, վատ արձագանք, եւ ես կարծում եմ, որ լավ կլինի՝ մենք ստորագրենք փաստաթուղթ, որ այսինչ օրը ես հրաժարական տամ, խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի երկու անգամ, ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները կարծես թե ըստ էության ասացին, որ ընկալում են ժողովրդի ուղերձը եւ հարգանքով են վերաբերում ժողովրդի ուղերձին ու դիրքորոշմանը, եւ նրանք բանավոր ասացին, որ անկախ հուշագրից՝ չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ փուլով առաջադրել վարչապետի թեկնածու»,– բանակցություններից մանրամասներ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչու պետք է ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, Փաշինյանը պարզաբանեց, որ դա պայմանավորված է Սահմանադրությամբ. 14 օր պետք է, որ երկու փուլով վարչապետ չընտրվի, իսկ դրանից հետո արտահերթ ընտրությունները նշանակվում են ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրում։

«Հիմա մենք կարող ենք արձանագրել հետեւյալը, որ մենք այսօր ցույց տվեցինք, որ հենց այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքացիական, համաժողովրդական, համազգային պահանջ է, եւ այն քաղաքական ուժն ու ուժերը, որոնք դեմ կգնան այս պահանջին, ուղիղ պատերազմ են հայտարարում ժողովրդին»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի ելույթից հետո հավաքն ավարտվեց։ Քաղաքացիները հեռանում են Ազգային ժողովի տարածքից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ