Ի՞նչ է արել էպոսագետը միլիոնավոր դոլարները
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/vardan-sedrakya_1395667587.jpg)
“Դեռեւս դատաքննության փուլում Պարույր Հայրիկյանը միջնորդություն էր արել, որպեսզի հարցաքննվեն հայր եւ որդի Աբրահամյանները: Նրանցից որդի Աբրահամյանը ցուցմունք էր տվել այս քրեական գործով, որ Սեդրակյանին տվել է 100 հազ. ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով, որ աուդիո ձայնագրության մեջ հոլովվում է Վարդան Սեդրակյանի անունը, ուղղակի կարող է կապ ունենալ այս քրեական գործի հետ”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
Նշենք, որ վերջերս Համացանցում ԱԻՄ ղեկավարի դեմ մահափորձի առնչությամբ հարուցված քրեական գործով դատապարտված Վարդան Սեդրակյանի կնոջ եւ ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալեքսանդր Աբրահամյանի զրույցի ձայնագրությունն է տարածվել, ըստ որի՝ Ալեքսանդր Աբրահամյանը պահանջում է Սեդրակյանների ընտանիքից այն միլիոնավոր դոլարները, որոնք տրամադրել է վերջիններիս:
Փաստաբանի խոսքով, ձայնագրությունում Ալեքսանդր Աբրահամյանին դատապարտված Վարդան Սեդրակյանի կինը ասում է, որ խուզարկության ժամանակ իրենց տանից գումար չի հայտնաբերվել, ինչին արձագանքում է Ալեքսանդր Աբրահամյանը՝ ասելով, որ ինքը խոսել է խուզարկողների հետ:
Այս քայլը Լեւոն Բաղդասարյանը տարօրինակ է համարում: “Ստացվում է, որ Աբրահամյանը տիրապետել է նախաքննության մարմնի գործողություններին, որի իրավունքը չուներ: Դիմում եմ ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ գլխավոր դատախազին՝ պարզել, թե ինչ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, որքանո՞վ է առնչվում Հայրիկյանի քրեական գործին, եւ վերջապես ի՞նչ գումարներ են դրանք եւ որքանո՞վ կարող են առնչվել փողերի լվացման հետ”,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2013թ-ի նախագահակ ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ:
Դատապարտվեցին 3 հոգի, որից մեկը էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 14 տարվա ազատազրկման: