“Բալեքիդ խերը չտենաս, կնիկդ ավտոյով ա ման գալիս” … “Հարսնաքարի” գործով վճռի սկանդալային հրապարակում /վիդեո/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց “Հարսնաքարի” գործով ամբաստանյալների վճիռները: Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Պետական մեղադրողը միջնորդել էր դատարանին բոլորին դատապարտել 14 տարվա ազատազրկման: Ամբաստանյալները իրենց մեղավոր չեն ճանաչել:
Դատավճռով Գարիկ Մարգարյանը ենթարկվեց 12 տարվա ազատազրկման, Դավիթ Ադամյանը 12 , Արթուր Բաբլոյանը՝ 12, Արման Բաղդասարյանը 12, Արման Խաչատրյանը՝ 12, եւ Նորայր Հայրապետյանը՝12-տարվա ազատազրկման:
Դատավճռի հրապարակման կեսից ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը սկսեց հայհոյել դատարանին, ինչին չդիմացավ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը եւ փորձեց ճեղքել ոստիկանների շարքը եւ փախուստի դիմել: Այդ պահին բոլոր ամբաստանյալները խառնվեցին իրար, եւ նրանց հանեցին դահլիճից:
“Բալեքիդ խերը չտենաս, կնիկդ ավտոյով ա ման գալիս”,- ասաց Մարգարյանի մայրը պաշտպանական կողմին:
Մանրամասներն տեսանյութում: