Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները որակում է ժողովրդի բացարձակ հաղթանակը: Այս մասին Նյու Յորքից ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց նա: Վարչապետը միաժամանակ նշեց, որ քվեների ամփոփման ժամանակ անհանգիստ է եղել:
«Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե վայրէջքից հետո ինչ զգացողություններ եմ ունեցել, երբ իմացել եմ, որ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 80 տոկոս քվե: Սա կարեւոր իրադարձություն է մեր քաղաքական կյանքում՝ հետհեղափոխական իրավիճակում: Սա բացառիկ ընտրություն էր այն առումով, որ քաղաքացին չուներ որեւէ պարտադրանք՝ թաղային հեղինակների եւ վարչական լծակների կողմից: Նա ուներ կամքն արտահայտելու իրավունք, որն արտահայտել է ընտրատեղամաս գնալով»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորելով Հայկ Մարությանին նշեց, որ նրան ցանկանում է ժողովրդահաճո գործունեություն: «Ես շնորհավորում եմ նաեւ ԲՀԿ-ի եւ «Լույս» դաշինքի ներկայացուցիչներին, որոնք նույնպես մաս կկազմեն Երեւանի ավագանիում:
Վարչապետը խոսեց նաեւ ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվի մասին, որը կազմում է 43 տոկոս: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմա շատերը կհայտարարեն, որ երեւանցիների կեսից ավելին չի մասնակցել ընտրություններին եւ կանեն քաղաքական հայտարարություններ: «Այդ փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են, քանի որ անցած տարի ավելի քիչ մարդ է մասնակցել: Սա այն դեպքում, երբ մարդկանց գազելներով, մեքենաներով, վարչական լծակ կիրառելով եւ ընտրակաշառքներով բերման են ենթարկել ընտրատեղամաս: Սրանից զատ նաեւ պետք է ասեմ, որ այս պահի ընտրացուցակները չեն արտահայտում իրական պատկերը: Մեր շատ հայրենակիցներ, ովքեր 20-25 տարի առաջ հեռացել են երկրից, շարունակում են մնալ ցուցակներում: Նախկինում անկողնային հիվանդներին եւս պարտադրում էին գնալ ընտրության, իսկ հիմա տարիքով շատ քաղաքացիներ որոշել են չգնալ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ պետք է շատ արագ անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրությունները եւ նա Երեւան վերադառնալուց հետո պատրաստվում է բանակցություններ վարել քաղաքական ուժերի հետ՝ ԱԺ ընտրությունների ժամկետները որոշելու համար:
«Քաղաքական անորոշություններն արգելակում են մեր տնտեսությունում ներդրումների ներգրավումը: Այն խորհրդարանը, որը գործում է, չունի գործելու մանդատ: Մեզ հարկավոր է, որ ժողովրդին հնարավորություն տանք, որպեսի ձեւավորեն նոր Ազգային ժողով եւ ընտրեն նոր վարչապետ»:
Վարչապետը հայտարարեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Նա ընդգծեց, որ իրենք այժմ վարկանիշ ունեն, բայց, եթե չունենան այդ վարկանիշը, ապա երբեք ընտրակեղծարարությամբ ընտրություններում չեն հաղթելու: «Ավելի լավ է գետինը մտենք, քան կրիմինալի եւ ընտրակաշառքի օգնությանը դիմենք: Սա կնշանակի, որ մենք հակասում ենք ինքներս մեզ: Ես հասկանում եմ, որ աչքը տեսածից է վախենում, բայց հիմա մեր աչքերը տեսնում են բաներ, որոնցից պետք է հպարտանալ»:
Հայաստանի վարչապետը նաեւ շեշտեց, որ երկրում նոր քաղաքական մշակույթ է ձեւավորվում՝ ընտրություններին մասնակցած ուժերը շնորհավորել են հաղթող ուժին: