Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պետք է հրավիրեն հրատապ քննարկում
ԱԺ ՀՀ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ-ՀՔԾ պետերի ձայնագրությանը, առաջարկելով դեպքի առնչությամբ ստեղծել ԱԺ Քննիչ հանձնաժողով: Աշոտյանը, մասնավորապես, գրել է.
«Սիրելի ժողովուրդ,
Ամբողջությամբ այլ թեմայի մասին էի ուզում խոսել: Խնդիրները շատ են, բարձրաձայնելու հնարավորությունը՝ քիչ: Բայց այսօրվա սկանդալային ձայնագրությունը փոխեց օրակարգը: Փաստորեն, ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ Հայաստանում դատական համակարգն ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերը կարգավորում և ուղղորդում է վարչապետն անձամբ, որ դատավորներին զանգում են, որ համապատասխան պաշտոնյաները համարում են մասնավոր զրույց, երբ որ խոսում են գործի հանգամանքների կամ «սրան-նրան» բռնելու մասին: «Սրան-նրան» արտահայտությունն իմը չէ, և կարծում եմ, որ մեր գործընկերների ջանքերը թե՛ ասուլիսին, թե՛ այս դահլիճում վկայում են հին՝ ՀԱԿ-ի, այսպես ասած, «լևոնական» բանաձևի մասին, որ ռեժիմը խուճապի մեջ է:
Իրականությունը փորձում են կոծկել երկու ձևով: Կամ փորձում են սենսացիաներ բարձրաձայնել: Այսօր ՀՔԾ պետը փորձեց սենսացիաներ բարձրաձայնել. անգամ եթե Քենեդու սպանողի անունը տար, մենք այդ թեմայից չենք շեղվելու, չենք մոռանալու: Այլ հարց է, թե ի դեպ, որքանով է խախտվել նախաքննության գաղտնիքը: Կարծում եմ իրավաբանները պետք է զբաղվեն այսօրվա ՀՔԾ պետի հայտարարությունների իրավաչափության հետ: Թեման շեղելու մյուս ձևը՝ կոռուպցիայի դրոշակը բռնելն ու ծածանելն է, դրա քավորն էլ վարչապետն է: Ինչ լինում է, պարոն վարչապետը ասում է՝ մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում:
Ի՞նչ կոռուպցիա, տղերք, այդ ձայնագրության մեջ ոչ մի անգամ կոռուպցիա բառը չկա, թալան բառը չկա, մարդասպան բառը չկա, դուք ինչի՞ մասին եք խոսում: Ինչի տեղ եք դրել այս հասարակությանն ու ժողովրդին, որի մի մասը, մեծ մասը դեռ Ձեզ հավատում էր: Ինչպես ռուսն է ասում, շատ ակտուալ է ռուսերեն այսօր, «Мы про Ивана, вы про болвана»:
Ասում ենք Մոսկվայի հետ լավ չեք աշխատում, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք Թրամպի հետ հանդիպում չի լինելու, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք Եվրոպական միության հետ չեք կարողանում աշխատել, ասում եք՝ թալանի դեմ ենք պայքարում: Ասում ենք ներդրումները նվազել են, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք սննդամթերքը թանկացել է, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, խաղողի մթերման պրոբլեմ կա, կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Սևանի հետ կապված ինչու՞ լուծում չեք գտել, քան մերը, կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Առաքելական եկեղեցու դեմ այս արշավն ինչու՞ եք խրախուսում, կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Կարծում եմ, որ տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերներին դիմագրավելու հետ կապված կոռուպցիոն ռիսկերը բացարձակ կապ չունեն: Դա ուրիշ հարց է ընդհանրապես, թե կոռուպիցայի դեմ դուք ոնց եք պայքարում և ինչպես եք վհուկների որսը վերածել կոռուպցիայի դեմ պայքարի:
Դա առանձին թեմա է, մի գեղեցիկ օր դրա մասին մանրամասն, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի շրջանակներում մեր Կառավարության ստանձնած պարտավորությունների մասին կխոսեմ:
Վերջում մեկ առաջարկություն. Կարծում եմ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պետք է օգտվեն Սահմանադրության համապատասխան 114 հոդվածից և հրավիրեն հրատապ թեմայով քննարկում այս հարցի առնչությամբ: Կամ 108 հոդվածով ստեղծեն Քննիչ հանձնաժողով և քննարկեն ամեն ինչ, այո՛, ինչպես է ձայնագրվել հարցից սկսած, ինչու իմ երկրի ԱԱԾ ղեկավարը պաշտպանված չէ հարցից սկսած՝ վերջացրած, թե ինչպես է վարչապետը միջամտում քաղաքական աստառով իրավական գործընթացների մեջ»: