Սեփական քաղաքացիներին վահան դարձնելու Ադրբեջանի փորձը կարող է արյունահեղության հանգեցնել. Դավիթ Բաբայան
«Սա պետք է լինի լուրջ ազդակ նաեւ միջազգային հանրության համար: Կարծում եմ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն ու ԵԱՀԿ գործող նախագահն ու նրա անձնական ներկայացուցիչը տեղյակ են այդ սադրանքի մասին: Սա անթույլատրելի բան է»,- Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից սահմանը «քայլերթով» հատելու «նախաձեռնությանը, ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 1-ի առավոտյան, Ադրբեջանի մի խուբ քաղաքացիներ, փախստական ներկայանալով, փորձել էին հատել Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը:
Դավիթ Բաբայանի խոսքով, այս սադրանքը տեղավորվում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականության շրջանակում, որը մշտապես որեւէ կարեւոր իրադարձության նախօրեին փորձում է ապակայունացնել սահմանին տիրող իրավիճակը: «Սա շահարկում է, որովհետեւ մի խումբ մարդիկ Ադրբեջանում փորձում են խաղալ մարդկանց զգացմունքների վրա եւ հայատյացություն սերմանել՝ այդ մարդկանց անվտանգության հաշվին»,-նշեց Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ արցախա-ադրբեջանական շփման գիշը լոկ սահման չէ, նաեւ առաջնագիծ է:
«Սա սահման չէ ասենք Լյուքսեմբուրգի եւ Ֆրանսիայի միջեւ կամ Բելգիայի միջեւ: Սա նաեւ առաջնագիծ է: Մարդիկ գալիս են եւ մենք չգիտենք՝ կան այնտեղ դիվերսանտներ , հատուկ ջոկատայիններ, որոնք զգեստափոխվել են: Նրանք օրինակ, կարող էքին պատահական պայթել նույն ադրբեջանական ականի վրա եւ ամբողջ պատասխանատվությունը, իհարկե, ընկած է ադրբեջանական կողմի վրա»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:
Պաշտոնական Ստեփանակերտը, նրա խոսքով, մշտապես նշել է, որ չի պատերազմում ադրբեջանական ժողովրդի դեմ, բայց միեւնույն ժամանակ շեշտել է, որ մարդասիրական խնդիրները կարող են, եւ պետք է կարգավորվեն միայն բոլոր ռազմաքաղաքական խնդիրների լուծումից հետ: «Չի կարող լինել այնպիսի բան, որ 700 հազար հայ փախստականները չկարողանան վերադառնալ իրենց տները, այսպես ասած, ծննդավայրը, իսկ ադրբեջանական ծագում ունեցող փախստականները վերադառնալու հնարավորություն ունենան: Այդպիսի բան չի կարող լինել, պետք է եւ հայերը, եւ ադրբեջանցիները հավասարապես այդ իրավունքը ստանան»,-Henaran.am -ին ասաց Դավիթ Բաբայանը:
ԱՀ նախագահի խոսնակը շեշտեց՝ ադրբեջանական կողմի այս սադրանքը հղի է լուրջ հետեւանքներով.«Սա շատ վատ մոտեցում է եւ կարող է բերել արյունահեղության, որովհետեւ մարդկանց որպես թիրախ, որպես վահան են փորձում օգտագործել իրենց կեղտոտ շահերի համար: Եղել են այդպիսի դեպքեր, երբ պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը գերիներին եւ նույնիսկ քաղաքացիական անձանց տեղակայել են ռազմական օբյեկտներում , որպեսզի մենք չկարողանանք խոցել: Հիմա Ադրբեջանը նույնը անում է՝ օգտագործելով սեփական ժոովրդին, եւ իհարկե, այս սադրանքը մենք պետք է լուրջ ընդունենք, որովհետեւ այն հետագայում կարող է ավելի նենգ ձեւով օգտագործվել»: