Ո՞ր իրավունքով պարոն նախարար. ազատամարտիկները վիրավորվել են
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի անդամները անդրադարձան նաև Սեյրան Օհանյանի հայտարարությանը արդեն 6 ամիս անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մասին: Ազատամարտիկներին վիրավորել է այն , որ նախարարի դիտարկմամբ Վոլոդյա Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը եւ շարունակել է բողոքի ցույցերը:
“Սեյրան Օհանյանը չպիտի ասի, թե ինչպիսինն է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Ո՞ր բարոյական իրավունքով եք, պարոն նախարար, Վոլոդյա Ավետիսյանին նման բան ասում, այն դեպքում որ նույնիսկ դու ես քո ձեռքով շնորհակալագիր տվել Ավետիսյանին” ,-նկատեց ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը:
“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը խոսելով այս հարցի մասին ասաց.
“Պայմանավորվածություն խախտել են իշխանությունները: Երբ Վոլոդյա Ավետիսյանը հանդիպել է վարչապետի ու նախարարի հետ, դրանից անմիջապես հետո հայտնվել է բանտում: Բայց ի՞նչ պայմանավորվածություն է եղել, եղել է ընդամենը հրահանգ` դադարեցնել ցույցերը”:
Տեղեկացնենք, որ Ազգային ժողովում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի` կալանավայրում գտնվելուն, ասել է, որ նախապես պայմանավորվածություն է եղել Վոլոդյա Ավետիսյանի հետ, սակայն վերջինս խախտել է այն: Օհանյանն ասել է, որ ինքը Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որ ինքը ճշտումներ կկատարի “հանրապետության ղեկավարության մոտ”, բայց Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը՝ չսպասելով իր ճշտումներին եւ շարունակելով բողոքի ակցիաները։