Ավելի լավ է չասել ցեղասպանություն բառը և ունենալ հաջողություններ տարբեր բնագավառներում. Ա. Նավասարդյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադրաձավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցին: Նա նկատեց, որ այցը կարևոր էր նախ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, առավել ևս, որ Գերմանիայի տեսակարար կշիռը որպես եվրոպական պետություն բարձր է:
Ըստ Արման Նավասարդյանի՝ Մերկելի այցի ամբողջ հետաքրքրությունն այն էր, թե արդյոք Մերկելը կարտասանի Ցեղասպանություն բառը: «Ցեղասպանության թանգարան և Ծիծռենակաբերդ այցելությունն ասում է այն մասին, որ Մերկելը փաստում է Եղեռնը, բայց այդ բառը չի արտասանում: Ես աստիճանաբար գալիս եմ այդ եզրակացության, որ ընդհանրապես միջազգային հարբերություններում, այդ թվում ԱՄՆ-ի հարցում, անկյան գլխին դնել այդ բառի արտասանումը՝ ճանաչեց, թե ոչ, այսօրվա դրությամբ չի աշխատում մեր շահերի օգտին:
Ավելի լավ է չասել այդ բառը և ունենալ հաջողություններ տարբեր բնագավառներում»,-ասաց նա և նշեց, որ Գերմանիան այնպիսի աստիճանի է հասել, որ համար մեկ պետությունն է եվրոպական երկրների մեջ:
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Արման Նավասարդյանը շատ կարևոր է համարում Մերկելի այցը՝ նշելով, որ այն կարող է հետագայում մեծ նշանակություն ունենալ: Դեսպանը նկատեց, որ Վրաստանում նա արտասանեց տարածքային ամբողջականություն եզրը, նկատի ունենալով Վրաստանին ներքին իրադարձությունը, բայց Հայաստանում և Բաքում՝ չարտասանեց: Ըստ նրա՝ Ադրբեջանի Մերկելի այցից չստացավ այն, ինչ սպասում էր:
Ավելին՝ տեսանյութում: