Ո՞նց կարող եք վախենալ տնօրենից, նա ձեր տեր ու տիրակալը չէ. ԿԳ նախարար
Տնօրենները դպրոցների խորհուրդները վերածել են բիզնեսի, պետք է այս ամենին վերջ տալ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Որոշ տնօրեններ իրենց խորհուրդների միջոցով դպրոցը վերածել են բիզնեսի, դուքյանի, եւ նաեւ ձեր միջոցով այս ամեն ինչին պետք է վերջ տանք: Այս ուղղությամբ մենք քայլեր ձեռնարկում ենք: Առաջինը այն է, որ հենց այսօր քննարկվել է դպրոցներում խորհուրդների եւ տնօրեններին հավաստագրեր տրամադրելու կարգը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ խնդիրը լուծելու համար պետք է նաեւ ուսուցիչների եւ ծնողների աջակցությունն ու մասնակցությունը:
ԿԳ նախարարի կարծիքով՝ հեղափոխությունը նաեւ այս ոլորտում պետք է տեղի ունենա:
«Կառավարությունն ամեն դպրոց չի կարող գալ, բայց տեղերում դուք պետք է օգնեք՝ պայքարելով եւ չվախենալով: Ինձ ասում են՝ դպրոցի տնօրենն եկել եւ ինձ հանել է դասարանից: Ո՞նց կարող եք վախենալ տնօրենից, նա ձեր տեր ու տիրակալը չէ: Ես խնդրում եմ, դուխով վեր կացեք եւ պայքարեք ձեր իրավունքների համար, նոր իշխանությունը ձեզ այդ հարցում կօգնի»,- հավելեց կրթության նախարարը: