Գծատերեր այլևս չե՞ն լինի
Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Ավտոմոբիլային տրանսպորտի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը։
Ըստ որի՝ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման համար կազմակերպությունների մրցույթի կարգն ամբողջովին ենթարկվելու է փոփոխությունների, այդ կապակցությամբ լրացվելու է նոր օպերատոր հասկացությունը, որը Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն է: Օպերատորի տրանսպորտային միջոցները չբավարարելու դեպքում նոր հայտարարվում է մրցույթ:
Նախագիծը ներկայացնող ՀՀ կառավարության օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը նշեց, որ այնտեղ, որտեղ մրցութային խնդիր կա, լիցենզիան վերացնելը վերաբերում է բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին: Երկրորդ` օպերատոր հասկացությունը չի տարածվում միջհամայնքային տրանսպորտային միջոցների վրա, քանի որ դա պահանջում է ներդրումներ ու նյութական բազա:
՛՛Աստիճանաբար պետք է տրանսպորտը դարձնել համայնքային սեփականություն՛՛,- նկատեց նա: Ինչ վերաբերում է երթուղային տաքսիներին, ապա օպերատորը կարող է ծառայություններ մատուցել նաև երթուղային տաքսիներով, եթե ավտոբուսները բավարար չլինեն: Այս օրենքով՝ սակագները օպերատորի առումով հաստատվում է համայնքի կողմից: Այս նախագծով ավագանին պետք է սահմանի օպերատորի կողմից շահագործվող երթուղիների սակագները: