Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել. ՀՀ վարչապետ
Հայաստանի գործողությունները համարժեք են լինելու Ադրբեջանի հռետորաբանությանը: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կարծում ենք, որ խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է ու հնարավոր, բայց ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի, Ադրբեջանն իր գործողություններով և իր հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը և հնարավորությունը, ու մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»,- նշեց վարչապետը:
Վարչապետի խոսքով` այս հարցի շուրջ որևէ դիրքորոշում կարծրացած չէ, եթե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումն ու նպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, այդ դեպքում ևս հայկական կողմը համապատասխան ու համարժեք քայլեր կձեռնարկի: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Արցախի անունից բանակցելուն, ապա այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի տեսակետը չի փոխվել:
«Մենք կարևոր ենք համարում Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում։ Ես կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել ԱՀ անունից, որովհետև Արցախն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ ու կառույցներ: Մենք պատրաստ են բանակցությունների ու նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` Ադրբեջանին ուղղված կոշտ հայտարարություններին, վարչապետը նշեց, որ դա նախարարի պարտականությունն է:
«Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել: Նրա աշխատանքն է այդպիսի հայտարարություններ ոչ միայն անելը, այլև այդ հայտարարությունների բովանդակությունն անհրաժեշտության դեպքում ապահովելը»,- նշեց ՀՀ վարչապետը: