Պետք է չեղարկել այդ օրենքը և ներկայացնել բարելավման նոր կենսաթոշակային համակարգ. ՀՅԴ
ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ՀՅԴ ԳՄ-ի անդամ Արմեն Գրիգորյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրին ՀՅԴ տնտեսական հանձնախմբի հետազոտությունը՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ կենսաթոշակային համակարգը ամբողջությամբ բարելավելու արդյունավետությունը բարձրացնելու հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, իսկ այն համակարգը, որ ներդրվել է Հայաստանում, բազմաթիվ խնդիրներ ունի:
Նա կարևորեց նաև հանրությանը մանրամասների մասին տեղյակ պահելը: «Դաշնակցական որևէ գործիչ երբեք չի արտահայտել կուսակցության աջակցությունն այս համակարգին: Մեր տեսակետը չի փոխվել նաև այսօր: Մեր նպատակն է պարտադիր բաղադրիչի չեղարկումը, պետք է ընդհանրապես չեղարկել այդ օրենքը և ներկայացնել բարելավման նոր կենսաթոշակային համակարգ»,-ասաց նա և հույս հայտնեց, որ կառավարությունն իրենց ներկայացրած առաջարկություններով կառաջնորդվի:
Թադևոս Ավետիսյանը նշեց, որ կենսաթոշակային համակարգը երկարատև զարգացման դինամիկա ունի, դժվար է անել բարեփոխում՝ առանց ուսումնասիրելու այլ երկրների փորձը: «Չկա կենսաթոշակային լուծումների ընդհանուր բանաձև, որ կարելի է վերցնել, տեղայնացնել և հասնել հաջողության, քանի որ դրանք բազմագործոն են»,-ասաց նա և նշեց, որ, ընդհանուր առմամբ հանրությունն առավելապես կողմ է սերունդների համերաշխության սկզբունքին:
Ներկայացնելով այլ երկրների փորձը՝ նա ասաց, որ ճնշմամբ ընդունված ցանկացած կենսաթոշակային բարեփոխում ձախողվել է, երկար կյանք չի ունեցել, անընդհատ վերանայվել է: «Մեր հանրությունը դեմ է այս ձևով կենսաթոշակային համակարգին»,-ասաց նա և նշեց, որ 40 տարի հետո ենք իմանալու՝ այս փաթեթավորված գեղեցիկ խոսքերը իրականություն են դառնալու, թե ոչ:
Սուրեն Պարսյանն ասաց, որ թեև նախկին կենսաթոշակային համակարգը սոցիալական արդարություն չէր ապահովում, սակայն ներկայիս կենսաթոշակային համակարգը ևս չի լուծում այս անարդարությունը, ավելին՝ավելի մեծ անարդարություն է առաջացնում:
Առավել մանրամասն` տեսանյութում: