Հստակ չի եղել, որ Մանվել Գրիգորյանն ասել է՝ կգնաք սրան ձայն կտաք
ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը 100 տոկոսով վստահում է ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի այն խոսքին, որ իր ընտրվելու դեպքում՝ ԵԿՄ-ն լինելու է ապաքաղաքական կառույց։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իրենք առաջադրելու են Ա. Սարգսյանի թեկնածությունը։
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ԵԿՄ-ն դարձյալ կլինի քաղաքական կառույց, եթե Արամ Սարգսյանը լինի ԵԿՄ նախագահ, Հ. Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները չեն լինելու գաղափարի ընտրություններ. «Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են կերպարի ընտրություններ՝ Նիկոլ Փաշինյանի կերպարի ընտրությունը: Արամ Սարգսյանը, լինելով դաշինքի անդամ, էլի ունենալու է իշխանություն: Իսկ եթե որևէ կռված տղա գա՝ ԵԿՄ նախագահ դառնա, ու չունենա պետության աջակացությունը, այս կառույցը կլուծարվի: Իհարկե, ԵԿՄ-ն պետականամետ կազմակերպություն է, բայց ԵԿՄ-ի ցանկացած անդամ ազատ է իր ընտրության մեջ՝ լինելու այլ հասարակական կազմակերպության կամ քաղաքական կառույցի անդամ»:
Նա նկատեց, որ Արամ Սարգսանն ասել է, որ ապաքաղաքական պետք է լինի ԵԿՄ-ն, ու նա վստահ է, որ 100 տոկոսով այդպես է լինելու. «Խնդիր չկա ԵԿՄ-ին մտցնել ընտրությունների մեջ: Հլը դուխով մտածեք՝ քայլ ենք անելու, գնանք առաջ, ընտրենք կերպարին»:
ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի նախագահ Գեղամ Սմբատյանն էլ նշեց, որ ԵԿՄ-ն այն ժամանակ էլ է ապաքաղաքական եղել, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը երբեք չի ասել՝ գնացեք, ընտրեք որևէ մեկին, թեև եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ. ««Հստակ չի եղել, որ Մանվել Գրիգորյանն ասել է՝ կգնաք սրան ձայն կտաք… ԵԿՄ-ն մարդու տեսակ է, որին չես կարող ուղղորդել, ասես՝ գնա էսօր սրան ձայն տուր, նրան ձայն տուր»:
Խոսելով «Ազատամարտիկների դաշինքի» հետ ունեցած տարակարծությունների մասին՝ Հ. Հայրապետյանն ասաց. ««Ազատամարտիկների դաշինքը» պնդում էր կառավարման կոլեգիալ կառավարման համակարգ։ Ամեն մարդ կարծիք հայտնելու իրավունք ունի։ Եթե նրանց միայն խանգարում է կառավարման համակարգի փոփոխության խնդիրը, ուրեմն՝ ես էլ իրավունք ունեմ մտածել, որ նրանք այլ ակնկալիքներով էին գալիս, գալիս էին, որ իշխանության մաս վերցնեն։ Մենք ասել ենք, որ դռները բաց են լինելու, բոլորը պետք է հետ գան, միասին ենք ղեկավարելու ԵԿՄ ընտանիքը»։