Փաշինյանի ոճով՝ Փաշինյանին
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման դեմ սկսած պայքարին, նշել է, որ այդ պայքարը նոր չէ և արդեն տևական ժամանակ է ինչ սկսել է:
Նրանք, մասնավորապես, գրել են.
«Ամուլսարի փրկության համար պայքարը սկսվել է դեռ 2010 թվականից և միշտ ունեցել է խաղաղ բնույթ։
Բնության ու մարդկանց հիմնարար իրավունքների համար պայքարողները միշտ գործել են առանց բռնության կոչերի։
Վերջին օրերին հնչեցվող որոշ կոչեր և դրանք անողները ոչ մի առնչություն չունեն այս պայքարի տրամաբանության, բնապահպանների և տեղացիների հետ։
Բռնության կոչերն ու ատելության խոսքը տեղ չունեն մեր խաղաղ պայքարում»:
Հիշեցնենք. որ արդեն 15 օր է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները:
Երեկ վարչապետ Փաշինյանը այցելել է Ամուլսար և հանդիպում է ունեցել հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների և շահագործման դեմ բողոքող ակտիվիստների հետ, ինչից հետո ցավով նշել է, որ կողմերը չեն եկել ընդհանուր հայտարարի: