Ուսումնասիրություններ՝ գազի գնի վերաբերյալ. Գազի սակագինը կնվազի՞
Սահմանին և սահմանից ներս գազի գնի վերաբերյալ ուսումնասիրություններ ենք կատարում, որպեսզի հասկանանք սակագինը և որպեսզի հասկանանք՝ որքան են փոփոխությունները, ավելացումները։
Այս մասին այսօր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում էներգետիկայի բնագավառի մասնագետների հետ «Կլոր սեղանի շուրջ հանդիպում-քննարկումից» առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
«Ուսումնասիրում ենք՝ ինչպիսի ռիսկեր կան, և այդ ավելացումները, կորուստները տեղին են, թե ոչ։ Ամեն ինչ հաշվի ենք առնելու։ Խնդրում եմ ուղղակի համբերություն ունենալ և մեզ հնարավորություն տալ, որպեսզի մենք աշխատենք և մեր աշխատանքի արդյունքը կտեսնենք։ Շատ արագ ենք աշխատում»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ բացի գազի սակագնի ձևավորված կառուցվածքից կառավարությունում արդեն իսկ քննարկումներ են սկսվել՝ էլեկտրաէներգիայի սակագնի կառուցվածքի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է ամբողջ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությանն, Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը քննարկումներ է նախաձեռնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և էլէներգիա արտադրող մնացած բոլոր կայանների հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի վիճակ, է և ինչի հնարավոր կլինի հասնել։
«Սակագնի նվազեցման, վերանայման բոլոր հարցերով լիազոր, իրավասու մարմինը ՀԾԿՀ-ն է։ Ես ասացի, որ մենք աշխատանքներ սկսել ենք, դրանք արդյունք կտան, եթե ՀԾԿՀ-ն ինքը կկայացնի որոշում, իհարկե մենք մեր համապատասխան վերլուծությունը կտրամադրենք հանձնաժողովին»,- ասաց նա։
Արթուր Գրիգորյանը նաև հայտնեց, որ նախարարությունը էներգետիկ համակարգի ռազմավարություն է մշակելու, և այդ ռազմավարությունը մշակելու համար շատ կարևոր են վերլուծաբանների և փորձագետների կարծիքները։
«Այսօրվա քննարկման հիմնական նպատակը հետևյալն է․ իմ կողմից պաշտոնը ստանձնելուց առ այսօր ես ստանում եմ բազմաթիվ դիմումներ, այդ թվում նաև առաջարկություններ, էներգետիկ ոլորտի բարեփոխումների, էներգետիկ համակարգի ռազմավարության և այլ բազմապիսի առաջարկություններ։ Որպեսզի այդ առաջարկությունները չմնան թղթի վրա, ես որոշեցի կազմակերպել կլոր-սեղան, բոլորին հրավիրել եմ բաց քննարկման, որպեսզի ինքս անձամբ լսեմ առաջարկությունները»,- նշեց նախարարը։
Անդրադառնալով էներգետիկայի շուկայի ազատականացման հարցին՝ Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ այս ուղղությամբ աշխատանքները վաղուց սկսվել են։ Ըստ նրա՝ այս պահին կա բավականին լավ իրավական և օրենսդրական դաշտ, որը հնարավորություն կտա 2 տարվա ընթացքում ավարտել շուկայի ազատականացման գործընթացը։
«Ես ինքս շատ կարևորում եմ այս ծրագիրը, քանի որ զարգացած երկրներում շուկայի ազատականացումը էներգետիկ համակարգի մասով բավականին առաջընթաց է ապահովել»,- ասաց նա։