Շանս է բացվում բանակցությունները վերսկսել. քաղաքագետ
«Ես չեմ ընկալում Հայաստանի նոր իշխանությունների ձեւաչափը՝ ներգրավել Ղարաբաղը որպես նոր ձեւաչափ: Թարմացնում են այն, ինչ եղել է»,- քաղաքական իրողությունների պայմաններում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետի խոսքով, Հայաստանի նոր իշխանություններն, ըստ էության նոր բան չեն ասում: «Ասում են, որ պատրաստ ենք բանակցել, ասում են, որ պատրաստ ենք միայն խաղաղ ճանապարհով լուծել հարցը եւ ասում են, որ եթե ուզում ենք արագ լուծել խնդիրը, ակնհայտ է, որ Ղարաբաղի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություն երին»,-նշում է քաղաքագետը:
Ստեփան Գրիգորյանի խոսքով, 2012 թվականից իրական բանակցային գործընթաց չէ, իսկ նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումները, ըստ քաղաքագետի, բանակցություններ չէին: Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին քաղաքագետը ղարբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման հնարավորություն է տեսնում. «Հիմա, քանի որ նոր իշխանություններ են, շանս է բացվում բանակցությունները վերսկսել՝ օգտագործելով այն փաստը, որ ունենք լեգիտիմ իշխանություններ»:
Քաղաքագետն ասում է, այս առումով Ադրբեջանն անելիք ունի, նա պետք է դադարեցնի ռազմական հռետորաբանությունն ու այն հայտարարությունները, որոնք լարում են տարածաշրջանում մթնոլորտը: