Կրակոցներ Երեւանում. կա վիրավոր
Հունիսի 26-ին, ժամը 00:20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 38-ամյա Արմեն Մխիթարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցից: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Ոստիկանները պարզել են նաեւ, որ կրակոցներ արձակողը Շահումյան փողոցի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Գուլակյանն է: Հայտնաբերվել է որսորդական հրացան, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է կասկածյալ Հ. Գուլակյանի եղբորը։ Կան կասկածներ, որ նշված հրացանով է նա կրակել Ա. Մխիթարյանի ուղղությամբ: Դեպքի վայրում էլ հայտնաբերվել է Mercedes մակնիշի 15 GZ 015 համարանիշի ավտոմեքենա, իսկ դեպքի վայրից քիչ հեռու՝ խաչմերուկում, հայտնաբերվել է քաղաքացու տան դարպասին հարվածած Mercedes G500 մակնիշի 01 FԼ 001 համարանիշի ավտոմեքենա, որի բախման հետեւանքով տապալվել է նշված տան դարպասը: