Առողջապահության նախարարության հայտարարությունը
Առողջապահության նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Երեւանի կենդանաբանական այգում կենդանիների շրջանում տուբերկուլոզով հիվանդացման վիճակը՝ բացառելու հանրային առողջությանն առնչվող ռիսկերը:
Այս առումով տեղեկացնենք, որ նախարարության մասնագետներն այգում տիրող իրավիճակին ծանոթանալու համար եղել են այնտեղ, ճշգրտել այս ընթացքում պատասխան պահանջող բոլոր հարցերը: Կազմակերպված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկա դրությամբ կենդանաբանական այգում անասնուժական միջոցառումները լիարժեք ավարտին են հասցված, կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա, ինչի մասին հավաստիացրել է նաեւ կենդանաբանական այգու ղեկավար կազմը:
Միաժամանակ նախարարության ուժերով տեղում կազմակերպվել են աշխատակիցների ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ, որոնք տվել են բացասական պատասխան, այն է՝ աշխատակիցների մոտ տուբերկուլոզով հիվանդության դեպքեր չկան: Հատուկ ուշադրության է առնվել այն աշխատակիցների առողջական վիճակը, ովքեր անմիջական շփում ունեն կենդանիների հետ:
Ուստի այս պահին արդեն, հիմնվելով բոլոր հետազոտությունների վրա, նախարարությունը կարող է հայտարարել, որ այգի այցելություններն անվտանգ են, եւ այնտեղ գտնվելը որեւէ առողջական խնդիր չի ենթադրում: