26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր վտանգներ Փաշինյանի համար. Ժամանակ

«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն ու Լեռնային Ղարաբաղի պաշպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր մասնակցել են «Սասնա ծռերի» գործով դատավարությանը։ Մասնակցել են, բնականաբար, «Սասնա ծռերի»՝ դեռևս անազատության մեջ գտնվող անդամներին բարոյական աջակցություն ցույց տալու նպատակով։ Աջակցություն, որը այսօրվա ազատազրկվածների կողմից կարճ ժամանակ անց թերևս փոխհատուցվելու է քաղաքական աջակցությամբ. Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ իրենք՝ ենթադրաբար, «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը», որևէ ձևաչափով մասնակցելու են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Դեռևս մանրամասներ հայտնի չեն ընտրություններին Սամվել Բաբայանի հնարավոր մասնակցության մասին։ Ինքը՝ Բաբայանը, բանտից ազատ արձակվելուց հետո ավելի շատ խոսել է Լեռնային Ղարաբաղի, քան Հայաստանի ներքին կյանքի մասին։ Խոսել է ակնարկներով՝ հայտարարելով, որ իր՝ Ղարաբաղ գնալ չգնալու, իմա՝ ղարաբաղյան ներքին կյանքին խառնվելու, հարցը կախված է Հայաստանի իշխանության որոշումից։ Այլ կերպ ասած՝ Սամվել Բաբայանն իրեն առաջարկում էր Հայաստանի իշխանությանը՝ Արցախում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը իր միջոցով հանգուցալուծելու և թերևս, ըստ իր հաշվարկների, իր միջոցով իշխանափոխություն իրականացնելու համար։ Առաջարկը մերժվեց։ Դրանից հաշված օրեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Արցախ ու իր անվերապահ աջակցությունը հայտնեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ ներքին բարեփոխումների կամ որ նույնն է՝ իշխանության փոխանցման սահուն գործընթացի իրականացման հարցում։

Ղարաբաղում դրսևորվելու ինքնաառաջադրումից ու դրանից մերժվելուց հետո Սամվել Բաբայանն այսօր առաջին հրապարակային քայլն է արել՝ ներկա գտնվելով «Սասնա ծռերի» դատավարությանը։ Դա թերևս որոշակի ուղերձ է նաև ապագայում իր հնարավոր դերակատարության մասին։

Այսինքն՝ պետք չէ բացառել, որ Սամվել Բաբայանը որևէ ձևաչափով կարող է ներգրավված լինել «Սասնա ծռերի» մասնակցությամբ ընտրական գործընթացին՝ անձամբ կամ միջնորդավորված, ինչպես ՕՐՕ դաշինքի դեպքում։ Բայց Սամվել Բաբայանի մասնակցությունը որևէ ընտրական միավորին որքան կարող է օգտակար, նույնքան էլ վնասակար ու վտանգավոր լինել այդ միավորի համար՝ հատկապես հայաստանյան վերջին իրադարձություններից, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո։

Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի նախադեպը՝ ամենաթողության ու անպատժելիության նախադեպը, հենց Սամվել Բաբայանն է, ով ԼՂ Պաշտպանության բանակի հրամանատար եղած տարիներին՝ 1990-ականներին, Ստեփանակերտում ու ամբողջ Ղարաբաղում ստեղծել էր այն նույն անպատժելիության, ֆեոդալիզմի մթնոլորտը, ինչ Մանվել Գրիգորյանը՝ փոքրիկ Էջմիացնում։ Այն տարիներին տասնյակ պատմություններ էին պատմվում Սամվել Բաբայանի՝ Ղարաբաղում իրականացրած «հերոսական» գործողությունների մասին՝ սկսած կենցաղային մանր հարցերից, մարդկանց ունեցվածքը, և ոչ միայն ունեցվածքը, խլելուց՝ մինչև քաղաքական խնդիրներ։ Մանվել Գրիգորյանն իր էջմիածնական ֆեոդալիզմը կերտելիս վստահաբար աչքի առաջ ունեցել է նաև Սամվել Բաբայանի ղարաբաղյան մոդելը։ Հիմա Սամվել Բաբայանը Հայաստանում է, հերոսացվում է որոշակի շրջանակների կողմից և կարծես հայտ է ներկայացնում Հայաստանի քաղաքական կյանքում որոշակի դերակատարում ունենալու համար։

Ընդհանրապես վերջին օրերի իրադարձությունների հետ կապված շատերն են նկատել երկակի չափանիշների կիրառումը հատկապես Մանվել Գրիգորյանի առանձնատներից հայտնաբերված ապօրինի զինատեսակների առնչությամբ։ Նման կարծիքների հիմքում ընկած է օբյեկտիվ համեմատությունը՝ մեկին ձերբակալում են ապօրինի զինանոց ունենալու համար, մյուսներին ազատ են արձակում այդ զինանոցը ոչ միայն ունենալու, այլև երկու տարի առաջ ոստիկանների սպանության ժամանակ կիրառած լինելու պարագայում։

Այդ առումով իսկապես իրավիճակը ոչ միայն երկակի է, այլ նաև վտանգներ է պարունակում, քանի որ անգամ կասկածների մակարդակում զենքի տիրապետողների հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներին նշանակելու է, որ այդ զենքի կիրառման ցանկացած փորձի կանխում ապագայում կարող է ներկայացվել որպես «քաղաքական հետապնդում»։ Իսկ որ այդ զենքը կարող է կրակել որևէ պահի՝ վստահաբար հնարավոր չէ բացառել։ Ի վերջո, Ժիրայր Սեֆիլյանն ու իր համախոհները հայտարարել են զինված պայքարի ընդամենը էջը փակելու, բայց ոչ ամենևին՝ զինված պայքարը մերժելու մասին։ Իսկ երբ նրանց միանում է կամ կարող է միանալ նաև Սամվել Բաբայանը, այդ էջի վերաբացման հավանականությունը շատ ավելի է մեծանում։

Հայաստանին առաջիկայում բուռն զարգացումներ են սպասվում, ու շատ են լինելու ոչ այնքան մաքուր ջրերում ձկներ որսացողները։ Եվ ոչ միայն ձկնորսական կարթերով։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ