Ո՞ւմ իր հետ կքաշի Մանվել Գրիգորյանը. Ժամանակ
Որևէ քաղաքական ուժ որևէ քաղաքական սխալ է թույլ տալիս, ինչին ի պատասխան ընտրողները նրան «պատժում» են՝ քվե չտալով։ Արդյոք սա այդպիսի դեպք է։ Արդյոք բացահայտված հանցագործության համակարգված բնույթը, ակնհայտ իրողությունը, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց ամենաբարձր իշխանության հավանության ու թողտվության, ահա այդ և մի շարք գործոններ հաշվի առնելով, արդյոք սա այն դեպքն է, երբ Հանրապետական կուսակցությունը կարող է բավարարվել միայն քաղաքական պատասխանատվությամբ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվե չստանալով ու Ազգային ժողովում չհայտնվելով:
Հարցն իհարկե գտնվում է նաև իրավական տիրույթում և նեղ իրավունքի հարթությունում, գուցե Հանրապետական կուսակցությունը կարող է հիմնավորել, որ տեղի ունեցածից հետո դրա լուծարման կամ գործունեության դադարեցման այլ ակտի մասին խոսելու օրինական հիմնավորումները թույլ են։ Գուցե։ Դրանք թույլ են այնքանով, որքանով քաղաքական է Հանրապետական կուսակցությունը։ Իսկ Հանրապետական կուսակցությունը, ինչպես ցույց են տալիս հեղափոխությանը հաջորդած ու դեռ հաջորդելիք իրադարձությունները, քաղաքական շղարշով պետական դավաճանության մակարդակի հանցագործություններ իրականացրածների հավաքականություն է, որում, այո, կան նաև անկեղծ, գուցե նվիրյալ մի քանի կամ մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր ուղղակի առնչություն չունեն խունտայի գործունեություն հիշեցնող խմբակի արածների հետ։
Այսինքն՝ գործ ունենք ըստ էության շատ ավելի խոր ու մասշտաբային հանցագործության հետ, որը հնարավոր է՝ Քրեական օրենսգրքում իդենտիկ հոդվածներ չունի։ Բայց այդ հանցագործությունը բացահայտելու քաղաքական կամքի պարագայում դա հնարավոր է հիմնավորել քրեական իրավունքի բազմաթիվ հարակից հոդվածներով։ Խնդիրն այն է՝ արդյո՞ք տեղի ունեցածից հետո Հանրապետական կուսակցությունը բարոյաքաղաքական իրավունք ունի մասնակցել ընտրությունների և հավակնել ՀՀ թեկուզ մեկ քաղաքացու քվեի։ Սա չափազանց կարևոր, չափազանց նուրբ, բայց կարևոր հարցադրում է, որի պատասխաններն առաջին հերթին գտնվում են քաղաքական հարթությունում։
Նույնքան կարևոր է նաև հարցը՝ ում իր հետ կամ իր հետևից կտանի Մանվել Գրիգորյանը։ Ու նույնքան կարևոր է նաև՝ այդ անունները կլինեն միայն բուն հանցագործությունը կատարածների՞ անուններ, թե՞ կհնչեցվեն նաև հանցագործության ինդուլգենցիա տվածների ազգանուն-հայրանունները։
Մանվել Գրիգորյանը, բնականաբար, շատ անուններ գիտի ու շատ անունների է տիրապետում։ Եվ Ազգային ժողով չներկայանու մասին հայտարարության տողատակում դա ակնարկել է։ Նա, ըստ ամենայնի, քննության ընթացքում խոսելու է՝ հետևելով քաղաքական զարգացումներին ու իր հարազատ խմբակցության պահվածքին:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: