Գյուղատնտեսության նախարար քննարկել է ոլորտի խնդիրները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, գյուղտեխնիկայի պարկի վերազինումն ու արդիականացումը: Նշելով, որ բացի ավանդական բելառուսական գյուղտեխնիկայից, հայ ֆերմերներին կարող են հետաքրքրել նաև տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված այլ ժամանակակից սարքավորումներ` դեսպան Իգոր Նազարուկը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել դրանց մատակարարման հարցում:
Առանձին անդրադարձ է կատարվել հնարավոր փոխգործակցությանը գյուղտեխնիկայի համատեղ հավաքման, ինչպես նաև բելառուսական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանում մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ուղղությամբ, որում կմատուցվեն նաև տեխնիկական սպասարկման ծառայություններ:
Դեսպան Իգոր Նազարուկն առաջարկել է նաև ընդլայնել հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները դեպի բելառուսական շուկա` միաժամանակ ընդգծելով, որ բարձրորակ հայկական գյուղմթերքն այնտեղ մեծ պահանջարկ ունի: