Անկախ քաղաքական վեկտորներից. Հայաստանում է Վրաստանի նախագահը /վիդեո/
Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:Հանդիպման արդյունքները նա եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ամփոփեցին լրագրողների հետ հանդիպմանը:
“Մենք միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները՝ կապված տնտեսական զարրգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին”,-ասաց Հայաստանի նախագահը՝ նշելով, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու եւ Վրաստանի՝ Եվրամիության հետ Ազատ առեւտրի պայմանագիր կնքելու որոշումները, , չեն խոչընդոտի հայ-վրացական տնտեսական հարաբերություններին: Սերժ Սարգսյանի համոզմամբ, այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին:
Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստանի մասնակցությանը՝ Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին:
Եզրափակելով խոսքը՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ երկու երկրների նախագահները միակարծիք էին, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միայն ու միայն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
Իր պատասխան խոսքում, Վրաստանի նախագահը նշեց, որ այս այցը շատ կարեւոր է, քանի որ հայ եւ վրացի ժողովուրդները կապված են բազմադարյա բարիդրացիական հարաբերություններով:
“Վրաստանում ապրող հայ ժողովրդի դերը մեծ է Վրաստանի քաղաքական, հասարակական, տնտեսական զարգացման գործում: Սրա լավագույն ապացույցն է այն, որ իմ պատվիրակության մեջ կան հայ պատգամավորներ ու քաղաքագետներ”,-ասաց Գիորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահի խոսքով, մեր երկրները իրար հետ կապված են բազմադարյա պատմությամբ եւ սա ամուր հիմք է՝ երկու երկրների համագործակցության համար:
“Շատ հաճելի է, որ նման մոտեցում ունի նաեւ ՀՀ նախագահը՝ չնայած, որ մեր քաղաքական վեկտորները տարբեր են, սակայն հարաբերությունների զարգացման մասին մենք միակարծիք էինք, եւ փոփոխությունները լինելու են միայն պոզիտիվ, ամեն ինչ անելու ենք հարաբերությունների զարգացման եւ խորացման համար: Մենք կապված ենք տնտեսական եւ քաղաքական ընդհանուր մոտեցումներով”,- ասաց Վրաստանի նախագահը: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում սպասվում է Սերժ Սարգսյանի այցը Հայաստան:
Մանրամասները տեսանյութում:
Հ.Գ.
Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի Նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Նախագահներն այնուհետև բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
Սերժ Սարգսյանը ողջունել է Վրաստանի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում և հույս հայտնել, որ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը, հայ և վրաց ժողովուրդների եղբայրությանն ու բարեկամությանը: Հանդիպման պատեհ առիթով ՀՀ Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Գիորգի Մարգվելաշվիլիին Վրաստանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այցի շրջանակներում կկայանա հայ-վրացական օրակարգում ներառված բոլոր հարցերի ուղղությամբ արդյունավետ քննարկումներ, ինչը թույլ է տալիս անընդհատ զարգացող երկկողմ հարաբերությունների մակարդակը:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևոր է լսել նաև Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի տեսակետը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ, քանի որ երկկողմ հարաբերությունների մակարդակը, իրոք, հնարավորություն է ընձեռում կառուցողական մոտեցմամբ դիտարկել բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար:
Բանակցությունների շրջանակներում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք, կողմերի համոզմամբ, երկու երկրների տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից կարևոր են:
Վրաստանի Նախագահ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ Հայաստանի և նրա մայրաքաղաքի հետ իրեն կապում են շատ ջերմ հիշողություններ, բացի այդ, ըստ Նախագահ Մարգվելաշվիլիի, այս տարածաշրջանում գոյություն ունի նաև երկու ժողովուրդների համատեղ կյանքի բազմադարյա մշակույթ: Վրաստանի Նախագահը նշել է, որ իր կարծիքով, այսօր երկու երկրները շարունակում են կառուցել այն, ինչի հիմքն արդեն իրենց նախնիները դրել են: Նրա խոսքով, դա բարեկամական հարաբերությունների, մշակութային կապերի, ինչպես նաև ժողովուրդների միջև շփումների հիմքն է: Նա ընդգծել է, որ վիրահայերը շատ բան են անում Վրաստանի համար. նրանք ամրապնդում են Վրաստանի տնտեսությունը, հարստացնում են մշակույթը: Գիորգի Մարգվելաշվիլիի համոզմամբ, այն, որ Վրաստանում հայերը չեն կորցնում իրենց ավանդույթները և սրբորեն պահպանում են դրանք, ինչպես նաև մշակույթը, լեզուն, այդպիսով, ակնհայտորեն, հարստացնում են նաև վրացական մշակույթը: Նա ընդգծել է, որ Վրաստանն ազատության և մշակույթների հանդիպման վայր է, որտեղ տարբեր մշակույթներ զարգանում ու նոր ծիլեր են տալիս:
Վրաստանի Նախագահի կարծիքով, իր գլխավորած պատվիրակության այցը Երևան կարևոր է նաև տարածաշրջանային հարցերի քննարկման տեսանկյունից, քանի որ հայ և վրաց ժողովուրդներն ապրում են նույն տարածաշրջանում, ունեն այդ տարածաշրջանում ընդհանուր ապագա, իսկ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում նշանակալի է: Նախագահ Մարգվելաշվիլին նույնպես հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա հարցերը բարիդրացիական մթնոլորտում ընթացող բանակցությունների արդյունքում լուծում կստանան:
Հայաստանի և Վրաստանի նախագահները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-երի առջև հայտարարությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև՝ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
ԶԼՄ-ների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ բարեկամ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում:
Մեծարգո պարոն Նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ Վրաստանի Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել Ձեզ հետ բարեկամության և ներդաշնակության ոգով աշխատելու մեր պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք Ձեր այցը Հայաստան, որի շրջանակներում ունեցանք գործնական և արդյունավետ բանակցություններ, քննարկեցինք հայ-վրացական հարաբերությունների ողջ օրակարգը:
Մենք ավանդաբար մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական կապերի զարգացմանը: Հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերությունները մեր միջպետական փոխշահավետ համագործակցության երաշխիքն են և տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն ուղին: Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից է:
Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել է երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացում: Նկատելիորեն ակտիվացել են փոխայցելությունները, որոնք քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վկայությունն են: Ես հանդիպման ժամանակ ասացի, որ 2013թ. տեղի են ունեցել վարչապետի մակարդակով մեկ և 15 նախարարական այցելություններ: Կարծում եմ, որ սա լավ քանակ է և խոսում է մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Իսկ ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթան է տնտեսական համագործակցության աշխուժացման համար:
Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը: Վստահ եմ, որ Երևանում գումարվելիք Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ տասներորդ նիստը հնարավորություն կընձեռի քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները: Մենք պարոն Նախագահի հետ միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները՝ կապված տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենք՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ միանալու Մաքսային միությանը և Վրաստանի որոշումը՝ Ազատ առևտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին: Ընդհակառակը՝ այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին: Այս համատեքստում կարևորում եմ անցյալ տարվա ընթացքում հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել 2014թ. մարտի 21-ին, Երևանում:
Անդրադարձանք նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրաց գործընկերներին ներկայացրեցի այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, անշուշտ նաև այն փաստարկների և մեր մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ միանալու Մաքսային միությանը:
Անդրադարձանք հարավկովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերին, որպես տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման կարևոր բաղադրիչի:
Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կատարեցինք նաև միջազգային հարթակներում համագործակցության վերլուծություն և կարևորեցինք այդ հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումն ու զարգացումը:
Վրաստանի Նախագահի հետ միակարծիք էինք, որ, բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
Անշուշտ քննարկեցինք նաև կրթամշակութային համագործակցության հարցեր և արձանագրեցինք, որ այս բնագավառում մենք, իհարկե, դեռ անելիքներ ունենք: Պատմականորեն հայ և վրաց ժողովուրդները շաղկապված են ավանդույթների, հոգևոր և մշակութային արժեքների ընդհանրությամբ: Դա այն հարստություն է, որը մենք պարտավոր ենք փայփայել, պահպանել և ամրապնդել:
Ես խնդրեցի պարոն Նախագահին, որպեսզի իմ շնորհակալությունը փոխանցի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որ նա իր մասնավոր հիմնադրամից միջոցներ է հատկացրել Թբիլիսիում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգելու համար:
Ամփոփելով խոսքս՝ թույլ տվեք վստահություն հայտնել, որ այս այցը որակական լիցք կհաղորդի Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական և ինչու ոչ՝ եղբայրական հարաբերությունների ամրապնդմանն ու կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ողջ ներուժի լիարժեք իրացմանը: