Հանդուրժող տեսակի պակաս կա
Հանդուրժողականությունն ու մարդկային վերաբերմունքը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ որպես պետական գործչի ու մարդու ամենաբնորոշ գծերից էր: Henaran.am –ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքով, նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում Անդրանիկ Մարգարյանը կարողանում էր բոլորի հետ երկխոսել: «Մեր հանրապետության պատմությունը եւ ներքաղաքական կյանքը շատ սուր իրավիճակներ են ունեցել, բայց Անդրանիկ Մարգարյանը միշտ այդ լարված իրավիճակներում ցանկացած կողմի հետ կարողացել է քննարկել ցանկացած հարց», -շեշտեց Սամվել Նիկոյանը:
Նրա խոսով սա շատ արդիական է մերօրյա քաղաքական իրավիճակում, երբ հաճախ անհանդուրժողականության դրսեւորումների ենք ականատես լինում:
«Երբ դու կարողանում ես շփվել, հարաբերվել, խոսել, լսել, դա շատ կարեւոր է, այդ մարդկային տեսակի պակասը միշտ զգացվել է զգացվելու է եւ այժամ զգացվում է: Նման անհատները պետության մեջ լուսավոր կետ են թողնում հենց այդ հանդուրժողականության , պետության շահը բարձր պահելու եւ մնացածը՝ կուսակցական, իշխանական շահը դրան ստորադասելու , բարձր գաղափարը, ինչը նաշանակում է պետություն, առաջին տեղում դնելու շնորհիվ», – : Henaran.am –ին ասաց Սամվել Նիկոյանը:
Հիշեցնենք, որ այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: ՀՀԿ վերնախավը կուսակցության նախագահ, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին: