Արցախում արտոնյալներ չկան. Դավիթ Բաբայան
«Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման պատասխանատվություն են կրելու»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում վերջին օրերի բողոքի ակցիաներին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ միջադեպից հետո բողոքի ակցիաներ են ընթանում, պահանջներ են հնչում ընդհուպ մինչև հրաժարականներ:
«Բոլորը, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, սոցիալական դիրքից, հավասար են օրենքի առջև, առավել ևս այն մարմինները, որոնք կոչված են իրենց լիազորություններով պաշտպանել այդ իսկ օրենքը»,-ասաց նա:
Բաբայանը ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի այս խնդիրը լուծվի իրավական դաշտում: «Պետք է ամեն ինչ շատ մանրակրկիտ ձևով վերլուծվի, պարզվի, թե ինչ է տեղի ունեցել և համապատասխան քայլեր կատարվեն օրենքի շրջանակներում, այլ տարբերակ պարզապես չկա»,-ասաց նա:
Նրա խոսքով` խնդրի հանգուցալուծումը կարևոր է իրավական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից:
Հարցին` կա արդյոք Հայաստանի կողմից միջամտության անհրաժեշտություն Արցախում տեղի ունեցող զարգացումներին, Բաբայանը նշեց, որ ընդհանրապես չկա:
«Մենք հասկանում ենք, որ երբ Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական զարգացումներ, հետաքրքրություն են առաջացնում Արցախում և հակառակը, բայց որևէ միջամտության կարիք չկա, որովհետև սա ի վերջո մի գործընթաց է և խնդիր, որը մենք ի վիճակի ենք լուծելու և այստեղ թշնամի-բարեկամ չկա: Այստեղ մեր ժողովուրդն է և մեր քաղաքացիներն են: Կան արդար պահանջներ և այդ պահանջները բավարարվելու են»,- եզրափակեց Բաբյանը: